Փոքր ՀԷԿ-ը ցերեկներն այլևս չի վերցնի Շաքիի ջրվեժի ջուրը

Փոքր ՀԷԿ-ը ցերեկներն այլևս չի  վերցնի Շաքիի ջրվեժի ջուրը

ԷկոԼուր

ՀՀ Սյունիքի մարզի Շաքի համայնքում գործող «Շաքի» փոքր ՀԷԿ-ը այլևս ցերեկները չպետք է վերցնի բնության հուշարձան Շաքիի ջրվեժի ջուրը: Որոշումն ընդունվեց սույն թվականի հունվարի 13-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած Շաքիի ջրվեժի և «Շաքի ՓՀԷԿ»-ի խնդրի կարգավորման վերաբերյալ քննարկման ժամանակ:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ Բնապահպանական պետական տեսչության պետ Հակոբ Գալստյանը ներկայացրել է «Շաքի» ՓՀԷԿ-ը «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ում 2016 թվականի հոկտեմբերի 31-ին կատարված ստուգումների արդյունքները, համաձայն որոնց, բացահայտվել է, որ 2015 թվականի մայիսին ընկերությանը տրվել է ՋԹ 1500 լ/վրկ. ՓՀԷԿ-ի շահագործման համար և այս ջրաքանակի շահագործման դեպքում արդեն չի պահպանվում ջրվեժի համար անհրաժեշտ էկոլոգիական թողքը /200 լ/վրկ/: Ընկերությանը հանձնարարվել է դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն` վերանայելու իրեն տրված ջրօգտագործման թույլտվության պայմանները:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն առաջարկել է քննարկման թեմա դարձնել ջրօգտագործման թույլտվության այնպիսի ռեժիմը, որն օրվա ցերեկային ժամերին հնարավորություն կտա ջրահոսքն ամբողջությամբ ուղղել դեպի ջրվեժ, իսկ գիշերը՝ դեպի ՓՀԷԿ-ը: «Այնպիսի իրավիճակ է, որ եթե անգամ ՓՀԷԿ-ը պահպաներ էկոլոգիական թողքը, միևնույն է չէինք ունենա լիարժեք թողք, խոսքը՝ ջրվեժի առաջացման, ամբողջական բնապատկեր ունենալու և ջրվեժի ամբողջ ներուժն օգտագործելու մասին»,- նշել է նախարարը: Առաջարկը հավանության է արժանացել «Շաքի ՓՀԷԿ»-ի համասեփականատեր Աղասի Հակոբջանյանի կողմից: Արծվիկ Մինասյանը հանձնարարել է սեղմ ժամկետում պատրաստել և հաստատել ՓՀԷԿ-ի ցերեկային և գիշերային ժամերի աշխատանքների կառավարման նախագիծը:

Հիշեցնենք, որ 2015թ-ին ԷկոԼուրի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացված «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարությունը սկսեց փոքր ՀԷԿ-երի առողջացման ծրագիր: «Շաքի» ՓՀԷԿ-ի վերաբերյալ որոշումը այդ առողջացման ծրագրի արդյունքներից է:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Հունվար 16, 2017 at 15:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր