Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղին անհրաժեշտ է ոռոգման ցանց

Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղին անհրաժեշտ է ոռոգման ցանց

ԷկոԼուր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի տարածքով հոսում են  Գետիկ եւ Կարատոպրակ գետերը, բայց բնակիչները չեն կարողանում օգտվել գետերի ջրից: Ոռոգման ցանց չկա: Մոտ 1000 բնակիչ ունեցող գյուղը հիմնականում ապրում է անասնապահության հաշվին, փոքրաթիվ աշխատատեղեր ապահովում են գյուղապետարանը, դպրոցը և բուժկետը: Մի քանի հոգի էլ աշխատում է գյուղի վարչական տարածքում կառուցված երկու փոքր ՀԷԿ-երում: «Մենք հիմնականում ոռոգում ենք սարերից իջնող առուների և խմելու ջրով: Գյուղը գետից բարձր մակարդակի վրա է գտնվում, այստեղ պետք է պոմպակայաններ աշխատեն, բայց մենք այսօր ֆինանսական խնդիր ունենք, մեզ միջոցներ են պետք», - ԷկոԼուրին ասաց Այգուտի գյուղապետ Մխիթար Կարապետյանը և հավելեց. «Ոռոգման համակարգը անհրաժեշտություն է մեր գյուղի համար: Մարդիկ լուրջ կզբաղվեն հողագործությամբ և կկարողանան ստեղծել իրենց ապրուստի միջոցը»:

Կոնֆլիկտ գյուղի վարչական տարածքում գործող փոքր ՀԷԿ-երի հետ չկա: «Յուրաքանչյուր ՓՀԷԿ-ում մոտ 3-4 հոգի աշխատում է, մեր նման փոքր գյուղի համար դա էլի երևացող է: Բացի այդ, ներքևի ՀԷԿ-ը գյուղամիջի գիշերային լուսավորությունն է ապահովում: Եթե օգնության համար որոշակի գումար է պետք լինում, օրինակ դպրոցին, չեն հրաժարվում, օգնում են», - ասում է գյուղապետը:

Իրենց հերթին Այգուտի բնակիչները նույնպես նշեցին, որ փոքր ՀԷԿ-երը գյուղում որևէ խնդիր չեն ստեղծում. «Սոցիալական վիճակի վրա ազդում են դրական առումով, որովհետև բնակիչներից ՓՀԷԿ-երում աշխատողներ կան», - ասաց Այգուտի բնակիչը:

Ինչ վերաբերում է գետի սանիտարական վիճակին և ձկան պարաշներին, գյուղապետ Մխիթար Կարապետյանն ասաց. «Դա մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, բայց ամեն դեպքում, իմ կարծիքով, ձկան պաշարների վրա ազդեցությունը կա, պաշարները կքչանան»:

Այգուտի բուժկետի աշխատակցուհին նշեց, որ կցանկանար էլեկտրաէներգիան գյուղացիներին տրվեր էժան սակագնով. «Քանի որ ՓՀԷԿ-երը մեր ջրերի վրա են, մենք կցանկանայինք, որ մեր էլեկտրաէներգիան էժան լիներ»:

 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:



Հոկտեմբեր 29, 2015 at 13:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր