

ԷկոԼուր
265 բնակչություն ունեցող Ձորագետ գյուղը ստեղծվել է 1924թ.-ին` Թումանյան կայարանի բազայի հիման վրա: Գյուղը բաղկացած է երկու բնակավայրից, մեկը մյուսից գտնվում է 2 կմ հեռավորության վրա: Մի բնակավայրով հոսում է Փամբակ գետը, իսկ մյուսով` Ձորագետ գետը, որի վրա կառուցված է փոքր ՀԷԿ:
ՓՀԷԿ-ը ոռոգման ջրի առումով խնդիրներ չի ստեղծում, քանի որ գյուղում գյուղատնտեսական հողատարածքներ եւ արոտավայրեր չկան: Անասնապահությամբ այստեղ նույնպես չեն զբաղվում: Տեղի բնակիչների խոսքով՝ գյուղի մեծ մասը աշխատում է ՓՀԷԿ-ում և գետի ափին գտնվող հյուրանոցում:
«32 թվից էս ՀԷԿ-ը գոյություն ունի, աշխատելա, արտադրանքա տվել, գյուղից մեծամասնությունը էտեղա աշխատում: Նորմալ աշխատում են մարդիկ, նորմալ վարձատրվում, ընտանիքի հարցեր են լուծում: Գոհ ենք, բացի լավից, վատ բան չի եղել ժողովրդին», - ասաց Ձորագետի բնակիչը:
Գյուղի բնակիչները նշեցին, որ Ձորագետ գետից օգտվում են միայն լողանալու և ձկնորսության նպատակով: Գետի սանիտարական վիճակից գոհ են: Նախկինում բնակիչները կենցաղային աղբը նետել են գետը, իսկ այժմ գյուղապետարանը աղբամաններ է տեղադրել, և այդ հարցը լուծվել է:
Բավականին անմխիթար վիճակում են գյուղի փողոցները, շենքերի շքամուտքերի պատուհանները կոտրված են, դռները պոկված:
Հարցին՝ իրականացվո՞ւմ է փոքր ՀԷԿ-ի կողմից սոցիալական աջակցություն գյուղի համար, Ձորագետի բնակիչը պատասխանեց. «Չէ, ինչ պետքա անի, ինքը իրա արտադրանքը, իրա աշխատողներով, իրա ֆինանսավորումով: Կարողա համայնքի համար տարեկան իր զբաղեցրած տարածքի համար ինչ-որ գումար են վճարում: Կարևորը նա է, որ համայնքից աշխատողներ կան, աշխատավարձն էլ ոչինչ՝ 100.000 դրամից պակաս գոյություն չունի»:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:
|
![]() |
|
|
![]() |
|
Սեպտեմբեր 29, 2015 at 11:53


