«Պոզիտրոն» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Պոզիտրոն» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Պոզիտրոն» փոքր ՀԷԿ: «Պոզիտրոն» փոքր ՀԷԿ-ի կայանը գտնվում է ՀՀ Լոռու մարզի  Մարց համայնքի  վարչական տարածքում, ջրառ հանգույցը Դսեղի անտառտնտեսությունում: ՓՀԷԿ-ը կառուցված է Մարցի Սարաջուր վտակի վրա (երկարությունը՝ 11կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Այուդա- Լոս» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012թ-ից:
  • Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 200.4մ է, հաշվարկային ճնշումը` 173 մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 1.2մ3/վ, դրվածքային հզորությունը  1.63 ՄՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի 2015թ. հունվարի 1-ի տեղեկանքի՝  5.00035 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը 6.3 մլն. կՎտ.ժամ: Լիցենզիայի ժամկետը` 23.05.2012- 23.05.2027թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 11.05.2012- 11.05.2015թթ..: ՋԹ-ն ներկայացրել են երկարացման:
  • Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրբացթողման կոորդինատների և իրական կոորդինատների միջեւ կան որոշակի անհամապատասխանություններ՝ հատկապես ջրառի կետում:
  • Գլխամասում նախագծին համապատասխան կառուցված է 2.5 մ բարձրությամբ, 10.0 մ երկարությամբ ջրթափային պատվար:
  • Գլխամասում առկա է աստիճանաձև ձկնացարան` մոտ 12 մ երկարությամբ, մոտ 1,5 մ լայնությամբ: Յուրաքանյուր վանդակն ունի մոտ 0.8 մ բարձրություն: Ձկնանցարանն իր չափերով չի համապատասխանում նախագծային լուծումներին. նախագծով նախատեսված է 17.25մ երկարությամբ  և 1,5 մ լայնությամբ ձկնանցարան:
  • Ձկնանցարանը լիարժեք չի կարող ապահովել գետում բնակվող ձկների բնականոն տեղաշարժը: Բացի այդ, դիտարկման պահին այն  փակված էր աշխատակիցների կողմից, և այդտեղով ջուր չէր հոսում:
  • Առկա է ձկնապաշտպան ցանց, որի ճեղքերի միջև հեռավորությունը 2-3 սմ է: Ցանցի ճաղերի միջև այդքան հեռավորությունը չի կարող արգելել մինչև 8 սմ երկարությամբ մանրաձկների հայտնվելը խողովակաշարում:
  • Սարաջուր գետում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, կարող են հանդիպել  հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ Salmo fario, Կուրի բեղաձուկ Barbus cyri, արևելյան տառեխիկ Alburnoides eichwaldii:
  • ՋԹ-ի համաձայն՝ «Պոզիտրոն» ՓՀԷԿ-ը կարող է տարվա 12 ամիսների ընթացքում գետից վերցնել 15530.0 հազար խմ ջուր՝ ապահովելով գետում 0.034խմ/վ բնապահպանական թողք:
  • Դիտարկման պահին բնապահպանական ելքի անցումը դեպի գետ  ապահովված  չէր ձկնանցարանով: Ջուրը դեպի գետ հոսում էր ՓՀԷԿ-ի պատվարի վրայով:
  • «Պոզիտրոն» ՓՀԷԿ-ի  ճնշումային խողովակաշարն անցնում է Դսեղի անտառտնտեսության տարածքով՝ բազմաթիվ հատվածներում` վերգետնյա։ Խողովակների վրայի փաթեթավորման պլաստիկե նյութերը թափթփված էին բնության մեջ։ Խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 750մ, 750 մ, 2500 մ է, տրամագիծը՝ 1020մմ , 920 մմ,  820 մմ   
  • Կային լանջերի հատումներ, որոնք առաջացրել էին մանր սողանքային երևույթներ, և ակնհայտ էր, որ կատարվել են նաև ծառահատումներ:
  • Սարաջուր գետի վրա կառուցված  «Պոզիտրոն» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության (4000) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 36.36%:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է տեղական «Խորդա» ՍՊԸ-ի կողմից արտադրված 3 հիդրոագրեգատ նախագծին համապատասխան: Դիտարկման պահին աշխատում էին երկուսը:  Աշխատակցի վստահեցմամբ` երեք ագրեգատներն  աշխատում են միայն ապրիլ-մայիս ամիսներին: Այցի ընթացքում ագրեգատի աշխատանքը դադարեցվել էր, որպեսզի գետում ապահովվի բավարար քանակի բնապահպանական թողք: Այդ պահին ՓՀԷԿ-ի հաշվարկային ջրապահանջը 1.2 խմ/վ-ի փոխարեն կազմում էր 0.8 խմ/վ, իսկ գետում բնապահպանական թողքը տեսողական զննումով մոտ 1խմ/վ էր: 
  • Փաստացի արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը մոտ 2 անգամ պակաս է ՓՀԷԿ-ի կառուցման նախագծով նախատեսվածից:
  •  «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալով՝ 2014թ-ին «Պոզիտրոն» ՓՀԷԿ-ն աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 3573459 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Կայանում աղմուկը բարձր է, սակայն շրջակայքում բնակելի տներ չկան: Կան լքված տներ:
  • Կայանում ագրեգատների տակ նկատվեց ջրի և յուղի արտահոսք:
  • ՓՀԷԿ-ի  տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, որտեղ տեղադրված է 3 տրանսֆորմատոր: Տրանսֆորմատորները   կահավորված չեն յուղահավաք համակարգով:
  • Կայանային հանգույցի տարածքը պարսպապատված է:
  • Նախագծով նախատեսված է ծառատունկ, սակայն  արված չէ:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար  նախագծին համապատասխան տեղադրված է անջրթափանց հորով զուգարան:
  • Ազատ ջրօգտագործման պահանջը կատարվում է:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափիչ սարք ջրառում չկա:
  • Կայանային հանգույցում գործում է կիսավտոմատ կարգավորման համակարգ:
  • Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կարգավորման համակարգը բացակայում է:
  • ՓՀԷԿ-ում 2012թ-ից հետո տեսչական ստուգումներ չեն իրականացվել:

Առաջարկություններ` 

  • 3 տեղական հիդրոագրեգատների փոխարեն տեղադրել 1 եվրոպական ստանդարտի ագրեգատ եւ տրանսֆորմատոր` ՓՀԷԿ-ի արդյունավետ աշխատանքի համար:
  • Կայանում կատարել սարքավորումների վերանորոգման աշխատանքներ:
  • Համապատասխանեցնել ձկնացարանի կառուցվածքն այդտեղ բնակվող ձկների կենսական պահանջներին:
  • Տեղադրել այնպիսի ձկնապաշտպան ցանց, որի ճաղերի արանքով մինչեւ 8 սմ երկարությամբ մանրաձկները չկարողանան անցնել եւ հայտվնել ՓՀԷԿ-ի խողովակաշարում:
  • Ապահովել բնապահպանական թողքի անցումը ձկնանցարանով:
  • Ապահովել  բնապահպանական թողքի առցանց վերահսկում:
  • Ջրառում եւ կայանում տեղադրել ավտոմատ կառվարման համակարգ:
  • Ջրառում տեղադրել համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափական սարք:
  •  Հավաքել բնության մեջ թափված խողովակների պլաստիկե նյութերը:
  • Կայանի տարածքում իրականացնել ծառատունկ:
  • Տրանսֆորմատորների տակ տեղադրել յուղորսիչներ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: 



Օգոստոս 26, 2015 at 15:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր