Մեղրաձոր առողջարանային գոտին և Մարմարիկ գետը՝ հանքարդյունաբերության ճնշման տակ

Մեղրաձոր առողջարանային գոտին և Մարմարիկ գետը՝ հանքարդյունաբերության ճնշման տակ

Կոտայքի մարզի Մեղրաձոր առողջարանային գոտու բնակչությունը և առողջարանային բիզնեսը մտահոգված է հանքարդյունաբերության ազդեցությամբ:

Նրանք իրենց տեսակետները հայտնեցին ԷկոԼուրի թիմի հետ հանդիպման ժամանակ:

«Առողջ Հրազդան» նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը Մարմարիկի ձորում առկա հանքավայրերը «ռումբ» անվանեց: «Աստված մի արասցե, եթե որևէ մեկն այնտեղ սկսի շահագործվել, վնասը ոչ միայն ձորի ընդհանուր էկոհամակարգին կլինի: Այդտեղ է Մարմարիկ գետը, գետի ջրերը հավաքվում և ուղղվում են Արարատյան դաշտի ոռոգմանը: Եթե այդ ջրերն էլ կեղտոտենք, միանգամից կեղտոտում ենք Արարատյան դաշտի ոռոգման համակարգը»,- ասաց նա:

Մեղրաձոր համայնքի տարածքում «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվում է Մեղրաձորի ոսկու հանքավայրը: Նույն հանքավայրի Լուսաջուրի տեղամասի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունք ուներ «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն:

Տարածքով հոսով Մարմարիկ գետն ամենաբարձր՝ 5-րդ դասի աղտոտվածություն ունի՝ ըստ մանգանի: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2020թ-ի տարեվերջյան տվյալների համաձայն՝ Մարմարիկի գետաբերանում գետն աղտոտված է եղել նաև վանադումով, երկաթով, բարիումով, կալիումով:

Ըստ Մովսես Մանուկյանի՝ Մարմարիկի ձորի հանքավայրերում Խորհրդային Միության տարիներին ուսումնասիրություններ են կատարվել, սակայն նախընտրել են չշահագործել: «Չեն շահագործել՝ համարելով, որ Մարմարիկի ձորը հանգստի կազմակերպման ու զբոսաշրջության համար առավել գերադասելի է. քանի որ այնտեղ տասնյակ ճամբարներ ու առողջարաններ կային»,- ասաց նա:

Մեղրաձոր համայնքի խնդիրները

Մեղրաձոր համայնքը զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ ունի: Տարածքը գրավիչ է իր հարուստ բնությամբ՝ անտառներով, ջրվեժներով: Այստեղ գտնվում են հինավուրց վանքեր: Ունեն փայտագործության թանգարան: Սակայն, ըստ տեղի բնակիչների, զբոսաշրջության զարգացմանը չեն նպաստում անբարեկարգ ճանապարհները, խմելու ջրի վատ որակը:

Բնակիչները նշեցին, թե հանքարդյունաբերող ընկերությունների կողմից ֆինանսական աջակցության դեպքում հնարավոր կլիներ վերանորոգել ճանապարհները: «Եթե ճանապարհներն ասֆալտապատեին, ավելի շատ զբոսաշրջիկներ կգային։ Մեղրաձորը կդառնար տուրիզմի կենտրոն»,- ասացին նրանք։

Համայնքը չի կարողանում նաև գյուղատնտեսություն զարգացնել ոռոգման ջրի խնդրի, սերմացուի թանկ գնի ու գյուղացիների հողակտորների փոքր մակերեսների պատճառով: «Հիմա շատ հողեր չեն մշակվում.  ձեռնտու չէ` սերմացուն, կատարվող աշխատանքները հաշվի առնելով…. Ոռոգման ջուր ունենք, բայց դա էլ խնդիր ունի` մշտական չէ, քանի որ խողովակաշարն սպասարկում է մի քանի գյուղի»,- ասաց Մեղրաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը:

Ոռոգման ջրի պակասին զուգահեռ գյուղացիները նշեցին խմելու ջրի քանակի և որակի խնդիրը։ «Խմելու ջուրը գալիս է անտառներից, սարերից։ Մեկ բասեին կա, ջուրը սարերից, բոլոր տեղերից հավաքվում է այդտեղ։ Այդտեղից գալիս է դեպի գյուղ՝ ճանապարհին կեղտոտվելով։ Նոր, ավելի մեծ բասեին է անհրաժեշտ ու որ ֆիլտրերով լինի»,- ասացին բնակիչները։

ԷկոԼուրի հետ զրույցում գյուղացիները նաև նշեցին, որ վերոնշյալ բոլոր հարցերը կարելի էր լուծել, եթե համայնքում աշխատող «Մեղրաձոր Գոլդ ՍՊԸ-ն, պետությանը վճարվող բնապահպանական վճարներն անմիջապես հատկացներ համայնքին: «Այդ բնապահպանական վճարները, կարծում եմ, պետք է տրվի գյուղի բյուջե: Այդ ժամանակ նպատակային կծախսվեր»,- նշեց մեղրաձորցիներից մեկը: Իր հերթին համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը կարևորեց հանքարդյունաբերող ընկերությունների կողմից համապատասխան հաշվետվությունների ներկայացումը համայնքին: «Եթե որևէ հանքարդյունահանող կազմակերպություն տվյալ բնակավայրում իրականացնում է աշխատանքներ, այդ համայնքի հետ կապված որևէ պարտավորություն պետք է լինի: Բնակավայրի տարածքն օգտագործվում է, բնակավայրում աղտոտվածություն կլինի, գումարային ոչինչ չկա: Ընդերքի օգտագործման համար վճարվում է պետությանը, իսկ  համայնքին՝ միայն հողի վարձակալության , կամ գույքահարկ,կամ հողի հարկ: Եթե դա հաշվես, շատ քիչ է: Գոնե եկամտահարկից համայնքին մասնաբաժին հատկացվեր: Համայնքն այդ գումարը կտնօրիներ, ասֆալտապատման վրա կդներ, խմելու ջրի վրա կամ կիրականացներ սուբվենցիոն ծրագրեր»,- ասաց նա: 

Նշենք, որ 2020թ-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող բոլոր ընկերությունները ներառվեցին օրենքում նշվող կազմակերպությունների ցանկում, և ազդակիր համայնքներն ու բնակավայրերը հնարավորություն են ստացել օգտվել այդ ընկերությունների բնապահպանական վճարներից համայնքներում բնապահպանական և առողջապահական ծրագրեր իրականացնելու համար:

«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն Մեղրաձոր համայնքի նկատմամբ ընդերքօգտագործման պայմանագրով ստանձնած պարտավորություններ չունի: Ըստ Մեղրաձորի համայնքապետի՝ ընկերության աջակցության շնորհիվ համայնքի մանկապարտեզն աշխատում է  անվճար հիմունքներով: «Ամսական 400 հազար տրամադրում է մանկապարտեզի երեխաների վարձավճարի համար: Վարձակալած հողերի համար է վճարում: Մշակույթի տունն էլ է այդ գումարների հաշվին անվճար գործում»,- ասաց նա:

Հանքի շահագործման էկոլոգիական ազդեցությունների մասին մեղրաձորցիները լռեցին: Մինչդեռ «Առողջ Հրազդան» նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը նշեց. «ԽՍՀՄ տարիներին Մեղրաձորի ոսկու հանքավայրը շահագործվում էր փակ եղանակով: Հանքանյութը տեղափոխվում էր Արարատի հարստացման գործարան: Իսկ հիմա այնտեղ բաց եղանակով է շահագործում գնում, բացասական ազդեցությունը մեծանում է: Վերջին երկու տարի է՝ այնտեղ նաև շահագործվում է հարստացման ֆաբրիկան: Մենք չգիտենք, թե պոչամաբարները որտեղ են, մակաբացման աշխատանքներ անելուց ապարները որտեղ են լցվում: Ցանկացած մետաղական հանք բնության վրա ունի մեծ ազդեցություն՝ բացասական առումով: Պետք է նոր ուսումնասիրություններ կատարենք, թե թույլտվութունները կան, լսումներ արել են, թե՝ ոչ: Այդ մի հանքը Մարմարիկի ձորի համար արդեն շատ է»,- նշեց նա: 

Ըստ «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի 2012 թվականի օգոստոսի 22-ի NՊՎ-057 ընդերքօգտագործման պայմանագրի՝ հանքավայրի շահագործումն իրականացվում է ստորգետնյա և բաց եղանակով:

Մեղրաձորի տարածքում Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուրի տեղամասի շահագործման համար ընդերքօգտագործման իրավունք ուներ «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն: Սակայն այս ընկերությունը հանքը չի շահագործել:

«Որոշ բաներ կան քանդած: Մակաբացման աշխատանքներ են միայն արել: Բաժնետերերի հետ կապված խնդիրներ կային: Որպեսզի սկսեն՝ նոր լիցենզիայի համար պիտի դիմեն, որովհետև ժամկետները լրացել են»,- ԷկոԼուրին ասաց «Առողջ Հրազդան» նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը:

2020թ-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի հրամանով դադարեցվեց «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ին տրված ընդերքօգտագործման իրավունքն ու լեռնահատկացման ակտը Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուր տեղամասի նկատմամբ: Լուծարվեց ընկերության հետ կնքված ընդերքօգտագործման պայմանագիրը։ Նախարարի հրամանի համար  հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ Ընկերությունը մինչեւ2020թ-ի հուլիս ամիսը Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի հետ չի կնքել հողօգտագործման պայմանագիր, չի իրականացրել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ և չի ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը:

Ընկերությունը դեռ  2010 թ-ին դիմել է Մեղրաձոր համայնքին լեռնահատկացման ակտով տրամադրված  35,9 հեկտար տարածքի սահմաններում հողհատկացում կատարելու համար: Սակայն այդտեղ առկա է եղել 3,5 հեկտար սեփականաշնորհված հողատարածք: Այդ հողամասի նկատմամբ ընկերությունը իրավունք ձեռք չի բերել: Ոչ էլ կառավարությունն է բացառիկ գերակա շահ ճանաչել այդ հողատարածքի նկատմամբ: 2020թ-ի դրությամբ դեռ այդ հողամասը սեփականատեր ուներ: Այսպիսով, ընկերությունը համայնքի հետ չի կնքել հողօգտագործման պայմանագիր: Սա հանքի չշահագործման պատճառներից է: Մյուս պատճառը, որ ներկայացրել է ընկերությունը հարուցված վարչական վարույթի շրջանակներում, ընդերքօգտագործման պայմանագրում առկա անճշտություններն են եղել: Երրորդ խնդիրը եղել է 2015թ-ին Լուսաջուրի տեղամասի շահագործման նախագծին տրված բնապահպանական փորձաքննական եզրակացության ուժը կորցրած ճանաչվելը:

ՏԿԵ նախարարությունն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ պետական լիազոր մարմինն իրավունք չունի հողօգտագործման պայմանագիր կնքելու: Այդ իրավունքը տեղական ինքնակառավարման մարմնինն է:  Ըստ նախարարության՝ անճշտությունները հնարավոր էր վերացնել հանքի շահագործման նախագծով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում,  ինչպես նաև անճշտությունները խոչընդոտ չէին նոր ՇՄԱԳ գործընթաց սկսելու համար: Իսկ պաշարների վերագնահատման հաշվետվությունը, որն ընկերությունը ներկայացրել է 2019թ-ին, օրենքով պարտավոր էր ներկայացնել յուրաքանչյուր 5 տարին մեկ, այսինքն՝ 2015թ-ին:     

Ընկերությունը բողոքարկել է նախարարի հրամանը: Այս մասին նշված է ՏԿԵՆ-ի Մետաղական oգտակար հանածոների արդյունահանման մասով գործունեության վերաբերյալ` 14.01.2021թ. տեղեկատվության մեջ: Սակայն սույն թվականի մարտի 15-ին հրապարակված նույնանուն փաստաթղթում «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ի մասին տեղեկատվությունը բացակայում է: Նշենք, որ Դատական տեղեկատվական համակարգի կայքի համաձայն՝ «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ ՏԿԵՆ-ի ընդունվել է վարույթ ՀՀ վարչական դատարանում: Դատական նիստը կայանալու է 2021թ-ի մայիսի 10-ին:

«Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն 2012 թ-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ կնքել էր ընդերքօգտագործման պայմանագիր և թույլտվություն ստացել 23 տարի ժամկետով շահագործել Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուր տեղամասը:  

Ընկերության այդ ընդերքօգտագործման պայմանագրում ազդակիր համայնքի համար կոնկրետ սոցիալական պարտավորություններ ներառված չեն եղել, բայց նշված են եղել  համայնքի սոցիալական ծրագրին մասնակցության ընդհանուր դրույթներ: Ըստ ՏԿԵ նախարարության և ընկերության ԱՃԹՆ հաշվետվությունների՝ այդ  տարիներին ընկերությունը չի մասնակցել ազդակիր համայնքի սոցիալական ծրագրերին, չի կատարել բարեգործական հատկացումներ: Մեղրաձոր գյուղում ընկերության կողմից իրականացված սոցիալական ծրագրերի մասին հարցման ենթարկված բնակիչները տեղյակ չէին: Համայնքապետն էլ ԷկոԼուրին ասաց, որ «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ի գործունեության մասին համայնքապետարանում  որևէ փաստաթուղթ պահպանված չէ:

ԷկոԼուրի հետ զրուցած մեղրաձորցիները նշեցին, թե դեմ չեն Լուսաջուրի տեղամասի շահագործմանը, քանի որ դա կստեղծի նոր աշխատատեղեր, բայց նաև գիտակցում են, որ այդպիսի ձեռնարկությունները չեն կարող «ծածկել» համայնքի աշխատուժի ամբողջ պահանջարկը՝ իրենց առաջ ունենալով համայնքում գործող՝ Մեղրաձորի ոսկու հանքավայրը շահագործող «Մեղրաձոր Գոլդ» հանքարդյուբնաբերական ընկերության օրինակը: «Գյուղի բնակչության թիվն ավելի մեծ է, քան հանքում պահանջվող աշխատողների թիվը»,- ասաց բնակիչներից մեկը:

Մեղրաձորցիների առաջարկությունները համայնքի զարգացման վերաբերյալ

  • Զարգացնել զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունը
  • Անթափոն և մաքուր տեխնոլոգիաներով հանքարդյունաբերության  զարգացում նոր աշխատատեղերի ստեղծմամբ
  • «Մեղրաձորի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ը համալրել բարձր որակավորում ունեցող մասնագետներով և ժամանակակից սարքավորումներով
  • Բժշկական անձնակազմի համար որակավորման և վերապատրաստման դասընթացներ կազմակերպել
  • Հանքարդյունաբերող ընկերությունները պարբերաբար հաշվետվություններ ներկայցցնեն համայնքին իրենց գործունեության մասին
  • Ավելացնել անտառների ծավալները
  • Բարեկարգել միջհամայնքային ճանապարհները
  • Ընկերության կողմից պետական բյուջե վճարվող բնապահպանական վճարներն ուղղել համայնքի բյուջե` նպատակային ծախսեր կատարելու համար:
  • Հանքարդյունաբերական ընկերությունների եկամտահարկից մասնաբաժին հատկացնել ազդակիր համայնքի սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման համար:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



Ապրիլ 01, 2021 at 12:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր