

Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստվում է փորձաքննության փուլում դիտարկել քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված հիմնավորումները Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման հայտի մերժման վերաբերյալ: Այս մասին 2022թ. օգոստոսի 23-ին N3/26.6/11758 գրությամբ «ԷկոԼուրին» հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Նամակում նշված է.
«Ի պատասխան Ձեր 2022թ. օգոստոսի 15-ի գրության՝ հայտնում եմ, որ «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված՝ Կոտայքի մարզի Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման համար անհրաժեշտ ուսումնասիրության 2022-2025թթ. ծրագրով նախատեսված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը դեռևս գտնվում է փորձաքննության փուլում և Ձեր դիմումում ներկայացված առաջարկությունները, մտահոգությունները՝ խորհրդային տարիներին Թեժասարի նախագծի բարձր ռիսկերի և անկատար տեխնոլոգիաների պատճառով մերժման հիմնավորումների, կարմիրգրքյան բուսական և կենդանական տեսակների առկայությունը պարզելու նպատակով դաշտային հետազոտությունների, նոր տեխնոլոգիաների ներդրման հիմնավորման անորոշ տեղեկատվության, նախագծի բավարար խորությամբ գնահատման, գործունեության ազդեցության վերաբերյալ գումարային (կոմուլյատիվ) գնահատականի, մերժման դիմումով ու ստորագրություններով տեղի բնակիչների բացասական կարծիքի վերաբերյալ, նույնպես կդիտարկվեն»:
Քաղհասարակության ներկայացուցիչները օգոստոսի 15-ին նամակով դիմել էին Շրջակա միջավայրի նախարարություն՝ ներկայացնելով հայտը մերժելու հիմնավորումները: Այդ հիմնավորումներն են.
1. Ծրագրի վերաբերյալ տեղի բնակիչների բացասական կարծիքը, որը հնչեցվեց Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատմանն անհրաժեշտ ուսումնասիրության 2022-2025թթ. ծրագրով նախատեսված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի երկրորդ հանրային քննարկման ժամանակ և հաստատվեց մերժման դիմումով ու ստորագրություններով, հանդիսանում է հայտի մերժման համար բավարար հիմք:
2. Հայտում աղավաղված ձևով են ներկայացված հանքավայրի՝ խորհրդային տարիներին չշահագործման պատճառները՝ 117 միլիոն ռուբլի ծախսերի պարագայում: Մասնավորապես, հայտի 5-րդ էջում նշված է. «1958 թվականին Հայաստանի կառավարությունը ԽՍՀՄ Պետպլան է ներկայացրել տեխնիկա-տնտեսական զեկույց նեֆելինային սիենիտների արդյունաբերական օգտագործման արդյունավետության մասին։ Ընդունվող որոշումների գիտական խորհրդատվությունն իրականացվել է ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս Մ․ Գ․ Մանվելյանի կողմից։ Այդուհանդերձ ալյումինի օքսիդի ստացման փորձնական տեղակայման կառուցվածքը և մասշտաբները հնարավորություն չեն տվել ամբողջությամբ մոդելավորելու արդյունաբերական համակարգը։ Ամբողջական փակ շղթայով այս գործընթացը կիսագործարանային պայմաններում չի վերարտադրվել»:
Իրականում, ըստ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի (Деловой экспресс, 2005, N 21), խորհրդային տարիներին Թեժասարի նախագիծը մերժվել է բարձր ռիսկերի և անկատար տեխնոլոգիաների պատճառով: Նա, մասնավորապես, նշել է. «Թեպետ այդ ժամանակ ծրագրի համար արդեն իսկ ծախսվել էր ավելի քան 117 միլիոն ռուբլի, սակայն ծրագիրը կյանքի չկոչվեց…Եթե կոմբինատն աշխատի, ապա 15-20 կմ շառավղով ամբողջ բուսականությունը կոչնչանա…Կոմբինատը կառուցվել էր մի վայրում, որտեղ ամեն տարի հանգստանում էր 50 հազար երեխա…Թափոններից ռիսկի կենթարկվեր ոչ միայն մթնոլորտը, այլև ջուրը…Կոմբինատի թափոնները պետք էր թաղել թափոնների պատիճային եղանակով, ինչպես միջուկային թափոնների դեպքում է»:
3. Հայտում ամրագրված է. «Ելնելով հանքարդյունաբերությունում ժամանակակից տեխնիկայի, հումքի հանույթի և վերամշակման տեխնոլոգիայի կիրառման հնարավորություններից՝ կկատարվի նեֆելինային սիենիտների և օգտակար մյուս հանածոների պաշարների նոր հաշվարկ, ու վերագնահատման արդյունքները կներկայացվի ընդերքաբանական նոր փորձաքննության»: Հիմնվելով հայտում նշված «նոր տեխնոլոգիաների» մասին պնդման վրա՝ հանրային քննարկման մասնակիցները հետաքրքրվեցին այդ տեխնոլոգիաների մասին՝ ռիսկերի նվազեցման առումով: Սակայն ոչ մի պատասխան չստացան «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչների կողմից, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ նոր տեխնոլոգիաների ներդրման մասին հստակ տեղեկատվություն չկա:
4. Հայտում նշված է, որ արդյունքներով հաստատված պաշարների հիման վրա պետք է կազմվի նախագիծ Թեժագետի տեղամասի նեֆելինային սիենիտների արդյունահանման համար: Այս դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը պետք է լիներ ավելի քան բավարար մասնագիտական խորությամբ և պետք է իրականացված լիներ ռազմավարական էկոլոգիական գնահատում, ինչը չի արվել:
5. Քանի որ հայցվող շրջանում արդեն իսկ գործում են մետաղական հանքավայրեր և դրանց հումքի վերամշակման գործարան, անհրաժեշտ էր գործունեության ազդեցության վերաբերյալ տալ գումարային (կոմուլյատիվ) գնահատական, ինչը չի արվել:
6. Ընկերության կողմից չեն իրականացվել դաշտային հետազոտություններ՝ պարզելու համար հայցվող տեղամասում կարմիրգրքյան բուսական և կենդանական տեսակների առկայությունը: Ըստ ընկերության հայտի՝ հայցվող տեղամասում բուսական և կենդանական կարմիրգրքյան տեսակները բացակայում են: Մինչդեռ, ըստ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի, հանքավայրի տարածքում կարող են հանդիպել գիշատիչ թռչունների տեսակներ, օրինակ՝ Տափաստանային արծիվը: Այս տարածքները միգրացիոն միջանցքներ են ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների համար:
7. Չնայած այն հանգամանքին, որ Գ.Պ. Ալոյանի «РЕСУРСНЫЙ ПОТЕНЦИАЛ РАДИОАКТИВНОГО СЫРЬЯ АРМЕНИИ И ПЕРСПЕКТИВЫ ЕГО ОСВОЕНИЯ » գիտական հոդվածում («ГОРНЫЙ ЖУРНАЛ, 2007, № 6 35 УДК 533.04:553.495 ©) միանշանակ արձանագրված է, որ Թեժասարի հանքավայրի հանքաքարում ուրանի պարունակությունը հասնում է 0,09%-ի, ընկերության հայտում ռադիոակտիվ նյութերի պարունակության մասին խոսք չկա: Բացի ուրանից և թորիումից գրանցվել են ցերիումի և հազվագյուտ էլեմենտների բարձր պարունակություններ, որոնք կլինեն նաև դատարկ ապարներում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում տեղի էր ունեցել «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատմանն անհրաժեշտ ուսումնասիրության 2022-2025թթ. ծրագրով նախատեսված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի երկրորդ հանրային քննարկումը: Քննարկմանը ներկա տեղի բնակիչները դեմ էին արտահայտվել Թեժասարի հանքավայրի պաշարների վերագնահատման հայտին, որը հաստատել էին հայտի մերժման գրավոր դիմումով՝ ուղղված Ծաղկաձորի ՏԻՄ-ին: Քննարկմանը ներկա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ՝ ի դեմս «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, Ինգա Զարաֆյանի, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի, «Առողջ Հրազդան» բնապահպանական խմբի անդամներ Մովսես Մանուկյանի և Արսեն Արսենյանի, դիմել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման հայտի մերժման պահանջով:
Օգոստոս 23, 2022 at 15:38