Նավթագազային հետաքրքրությունները Հայաստանում

Նավթագազային հետաքրքրությունները Հայաստանում

Սույն թվականի հունիսի 5-ին հայ-կանադական «ԱԳԱՊԵ» ընկերության 100 տոկոս բաժնետեր Գրեմ Ջոնսոնը և ընկերության ներկայացուցիչներ Սուրեն Սարկիսովն ու Ներսես Կարամանուկյանը հանդիպել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտին առնչվող խնդիրները, դրանց հաղթահարման շուրջ «ԱԳԱՊԵ»-ի կողմից առաջարկվող լուծումները: 

Ներկայում «ԱԳԱՊԵ»-ն Հայաստանում գազ և նավթ որոնող միակ ընկերությունն է։ Նշենք, որ «ԱԳԱՊԵ»-ի տնօրենների խորհրդի անդամ Ներսես Կարամանուկյանը 2013-2017 թվականներին եղել է «Անելիք բանկի» վարչության նախագահը, 2009-2011 թվականներին՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավարը, իսկ 2011 թվականին՝ բրիտանական «Lydian International» ընկերության կովկասյան տարածաշրջանային տնօրենը։


Ընկերության տնօրեն Սուրեն Սարկիսովն աշխատել է «Սովետ 22» ջերմաէլեկտրակայանում։ Կանադա տեղափոխվելուց հետո նա ղեկավարել է մի շարք բիզնեսներ Տորոնտոյում։

Իր պաշտոնական կայքում «ԱԳԱՊԵ»-ն նշում է, որ «առաջ է մղվում՝ բացահայտելու հնարավոր մեծ պաշարներ Հայաստանում»։

Հայաստանում ածխածնային վառելիքի՝ նավթի և գազի հանդեպ հետաքրքրությունը սկսվեց 2011 թվականից։ Հայաստանի տարածքը նավթի և գազի ուսումնասիրությունների համար բաժանված է 6 պայմանական բլոկների: 

2012 թվականին 2-րդ պայմանական բլոկում սև ոսկի և կապույտ վառելիք սկսեց փնտրել  «Ինտեգրալ Պետրոլեում» ՍՊԸ-ն։ 

2013 թվականին 1 և 3, մասնակի  5-րդ և 6-րդ պայմանական բլոկներում որոնողական աշխատանքների թույլտվություն ստացավ «Արմօյլ» ընկերությունը։ 

2015 թվականին Սևանի ավազանում սկսեց նավթ և գազ որոնել «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ՍՊԸ-ն՝ 4-րդ, 5-րդ և 6-րդ պայմանական բլոկներում։ 

2017 թվականին Հայաստանում ավելի ակտիվացան նավթի և գազի պաշարների որոնումները։ 

Այս ոլորտում հայտնվեց «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն՝ «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի միջոցով։  Ընկերությունը նավթ և գազ որոնելու թույլտվություն ստացավ 1-ին և 3-րդ պայմանական բլոկներում՝ Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում, ինչպես նաև 2-րդ պայմանական բլոկում` Երևանում, ամբողջ Արմավիրի, Արագածոտնի մարզերում, մասնակիորեն` Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերում։ 


2017 թվականին հայտնվեց նաև այդ ժամանակ նորաստեղծ՝ հայ-կանադական «ԱԳԱՊԵ» ընկերությունը (Արմենիան Գազ ընդ Փաուեր Ինտերփրայզիս Ինք.) և թույլտվություն ստացավ 2017-2022 թվականներին նավթի և գազի հետախուզման աշխատանքներ անցկացնելու 5-րդ պայմանական բլոկում՝ Վայոց ձորի մարզում։ 2019 թվականին, չնայած տեղի հասարակության բողոքներին, ընկերությունը ստացավ դրական եզրակացություն նավթի և գազի որոնումների համար մինչև 2024 թվականը 6-րդ պայմանական բլոկում՝ Սյունիքի մարզի Կապան համայնքում։ 

Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը վարում է քաղաքականություն՝ ուղղված ածխածնային հետքի նվազեցմանը։ Սա այն քաղաքականությունն է, որին ձգտում է առաջադեմ աշխարհը՝ պայքարելով 21-րդ դարի գլխավոր մատահրավերներից մեկի՝ կլիմայի փոփոխության դեմ։ Այս քաղաքականության շրջանակներում նախատեսվում են ներդրումներ հատկապես «կանաչ» էներգետիկայի ոլորտում և ածխածնային վառելիքից հրաժարվելու գործում։

 

Հունիս 07, 2023 at 13:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր