Բացասական եզրակացություն՝ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության ՇՄԱԳ հաշվետվությանը

Բացասական եզրակացություն՝ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության ՇՄԱԳ հաշվետվությանը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պետական փորձաքննական բացասական եզրակացություն (ԲՓ № 165-26) է տվել «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026-2028 թվականներին մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությանը։ Փաստաթուղթը 2026 թ. նոյեմբերի 20-ին ստորագրել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Բացասական եզրակացությունը տրվել է խոշորացված Եղեգնաձոր համայնքի ավագանու նոյեմբերի 19-ի արտահերթ նիստի հաջորդ օրը, որով ավագանին կասեցրել էր ընկերությանը համաձայնություն տված Եղեգիսի ավագանու 2026 թ. ապրիլի 17-ի 52Ա որոշումը։

Բացասական եզրակացության հիմնավորումները

Փորձաքննությունը եզրակացրել է, որ «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվությունը թերի է և բավարար չէ նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության հնարավոր բացասական ազդեցությունները գնահատելու, կանխելու ու նվազեցնելու համար։

Մասնավորապես, հաշվետվությունը չի պարունակում հորատանցքերի և հորատահրապարակների ճշգրիտ տեղադիրքերը՝ ARM WGS-84 կոորդինատային համակարգով, ինչպես նաև դրանց արտացոլումը տեղանքի քարտեզի վրա։ Առանց այդ տվյալների հնարավոր չէ գնահատել աշխատանքների հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների, հողերի, կենսաբազմազանության և հասարակության վրա։

Փորձաքննությունը նշել է, որ նախագիծը նախատեսում է օգտագործել մոտ 9750 լ ջուր, դիզվառելիք՝ 1950լ, բենզին՝ 750լ և յուղաքս՝ 150լ։ Ընկերությունը, սակայն, չի ներկայացրել ջրամատակարարման աղբյուրը, ջրի օգտագործման հաշվարկը, կեղտաջրերի հեռացման և վերամշակման եղանակը, ինչպես նաև՝ արտանետումների ու թափոնների կառավարման հստակ մեխանիզմներ։

Հատկապես էական է համարվել այն հանգամանքը, որ տարածքում առկա են ջրահոսքեր, իսկ խմելու ջրի աղբյուրների ջրերը հոսելով խառնվում են հորատանցքերի հարևանությամբ հոսող ջրերին։ Միևնույն ժամանակ, ընկերությունը չի ներկայացրել ջրային ռեսուրսների պաշտպանության համար անհրաժեշտ քարտեզագրական նյութեր և հորատանցքերի տեղադրման ճշգրիտ տվյալներ, չնայած դա պահանջվել էր դեռևս 2022 թ. դեկտեմբերի 9-ի ԲՓ № 0185-22 եզրակացությամբ և N 64-Ն որոշմամբ։

Փորձաքննությունը նաև արձանագրել է, որ հաշվետվության մեջ հակասական են տեղեկությունները բաց լեռնային փորվածքների և ռեկուլտիվացիայի վերաբերյալ։ Թեև ընկերությունը պարզաբանել է, որ բաց լեռնային փորվածքներ չեն նախատեսվում, հաշվետվության տարբեր բաժիններում նշվել են նոր հետախուզառուների կամ փորվածքների մասին՝ առանց դրանց ծավալների, տեղադրության և ռեկուլտիվացիոն ծախսերի հաշվարկի։

Առանձին խնդիր է համարվել պատմամշակութային ժառանգության անտեսումը։ Հայտի տարածքում առկա են պետական ցուցակում հաշվառված «Բնակատեղի Ջանի», «Խաչքար Սմբատի», «Խաչքար» և «Ջրաղաց» հուշարձանները, ինչպես նաև նորահայտ հնագիտական օբյեկտներ՝ ամրոց-բնակատեղի, քարայր-կացարաններ և գերեզմաններ։ Դրանք, սակայն, չեն արտացոլվել քարտեզագրական նյութերում, ինչի հետևանքով հնարավոր չի եղել գնահատել դրանց հարևանությամբ աշխատանքների ռիսկերը և սահմանել պահպանական միջոցառումներ։

Փորձաքննությունը նշել է նաև, որ ուսումնասիրության տարածքը բարձր կարգի ալպյան և ենթալպյան արոտավայրեր են, որտեղ տարեկան 5-6 ամիս արոտ են տեղափոխվում մոտ 4-4.5 հազար խոշոր և 8-10 հազար մանր եղջերավոր կենդանի։

Միևնույն ժամանակ, տարածքում հայտնաբերվել է պտղակալած վիճակում գտնվող Սմիրնիոպսիս հայկական բուսատեսակ, որի և այլ տեսակների ուսումնասիրության համար անհրաժեշտ են լրացուցիչ գարնանային և վաղ ամառային դիտարկումներ։

Հաշվետվությունը չի ներկայացրել նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների զարգացման ռազմավարությամբ Եղեգիս համայնքի զարգացման ուղղությունների՝ գյուղատնտեսության, ագրո և էկոտուրիզմի հետ ծրագրի համատեղելիության գնահատումը։

Փորձաքննությունը եզրակացրել է, որ ներկայացված նյութերը բավարար չեն՝ որոշելու նախատեսվող գործունեության ազդեցությունների բնույթը, ծավալը, տևողությունը և շրջակա միջավայրի վրա հնարավոր վտանգները։ Դրա հետևանքով հնարավոր չէ նաև հիմնավորված սահմանել շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ինչպես նաև՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը և Օրհուսի կոնվենցիայի դրույթները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտին տվել է պետական փորձաքննական բացասական եզրակացություն։

Ի՞նչ էր նախատեսում «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ն

Ծրագրով նախատեսվում էր Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական տարածքում՝ շուրջ 46.14կմ² (4614.2հա) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերում, 2430-3250մ բացարձակ բարձրությունների վրա իրականացնել որոնողագնահատողական աշխատանքներ։

«Մենդիա Ռեսուրսիսը» նախատեսում էր անցել 920 կմ երկրաբանական երթուղի, 2026-2028 թվականներին հորատել մինչև 15 նոր հորատանցք՝ 400մ միջին խորությամբ, ընդհանուր 5000-6000մ ծավալով, կառուցել 15 հորատահրապարակ և մինչև 3կմ նոր ճանապարհ։ Ըստ ծրագրի՝ հորատահրապարակների ընդհանուր մակերեսը կազմելու էր 1750 մ², իսկ հողի հեռացումը՝ մոտ 1800 մ³։

Ընկերությունը նախատեսում էր նաև նմուշառում՝ 150 երկրաբանական, 3000 քիմիական և 240 միներալոգիական նմուշ՝ ընդհանուր 3390 նմուշ, որոնք հետազոտվելու են ALS ROMANIA SRL լաբորատորիայում։

Հանրային դիմադրություն

Հանքավայրի շուրջ իրավական և հասարակական լարվածությունը ձգվում է դեռևս 2022 թվականից։  Հանրային լսումները, որոնք նշանակված էին 2022 թվականի հոկտեմբերի 14-ին, բոյկոտվել և տապալվել էին, քանի որ համայնքը դեմ է եղել նախատեսվող գործունեությանը: Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը լսումները հայտարարել էր չկայացած: Սակայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› դրական եզրակացություն էր տրամադրել ընկերությանը  2022-2025 թթ-ին որոնողական աշխատանքների համար։ Եղեգիս համայնքն անօրինական էր համարել Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման հայտին տրված բնապահպանական փորձաքննական դրական եզրակացությունը։ 

Տեղի բնակիչների ահազանգով ԷկոԼուրը բնակիչների և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ բարձրացել էր դեպի Վարդենիսի հանքերևակման տարածք և արձանագրել, որ այդ տարածքում բացվել է ճանապարհ, խախտվել է մեծ քանակությամբ հողային ռեսուրս՝ մեծամասամբ ալպիական մարգագետիններ, որոնք օգտագործվում են անասուններին արածեցնելու նպատակով։ Տարածքը նաև վայրի կենդանիների էկոմիջանցքն է։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները նշել էին, որ տեղյակ չեն, թե ով է բացել այս ճանապարհը։

2025թ-ին ընկերությունը ցանկացավ երկարաձգել երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը մինչև 2028թ․: 2025թ. սեպտեմբերի 18-ին Վարդահովիտում կայացած հանրային լսումից հետո՝ հոկտեմբերի 27-ին, Եղեգիսի ավագանին միաձայն՝ 8 դեմ, 0 կողմ ձայներով մերժեց ընկերությանը տրված թույլտվության ժամկետի երկարաձգումը (N 96-Ա որոշում)։

Չնայած դրան և ընկերության կողմից դատարան ներկայացված հայցի ապահովման միջոցի մերժմանը՝ 2026 թ. ապրիլի 17-ին Եղեգիսի ավագանին առանց նոր հանրային լսման ընդունել էր 52Ա որոշումը՝ համաձայնություն տալով աշխատանքներին։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2026թ. հոկտեմբերի 29-ին Վարդահովիտում կազմակերպված երկրորդ հանրային լսումը կրկին անցել է լարված մթնոլորտում՝ ուղեկցվելով բուռն վիճաբանություններով և առարկություններով։ Փորձաքննության ընթացքում ստացվել են նաև բնակիչների և Եղեգիսի ավագանու անդամների կողմից ստորագրված բազմաթիվ գրավոր բողոքներ ու դիմումներ։ Բողոքները դարձել են բացասական եզրակացության հիմնավորումներից մեկը։

Նոյեմբեր 26, 2026 at 16:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր