«Ա1+»
«Էյ Սի Փի» ՓԲԸ-ին պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանը, ըստ հավանականության, կփակվի 2008թ.: Չնայած գործարանի 1100 աշխատակիցներից միայն 630-ն են Ալավերդի քաղաքի բնակիչներ, միեւնույնն է, գործարանի փակումը խիստ մտահոգում է ալավերդցիներին:
«Որ գործարանը փակվի, էլի 90 թվականը պիտի դառնա»,- ասում է ալավերդցի 50-ամյա Վարուժան Խաչիկյանը, իսկ 74-ամյա Աբրահամ Ափոյանն էլ ավելացնում է. «Եթե հիմա մարդիկ հանգիստ են ապրում, գործարանի շնորհիվ է: Մարդիկ կան՝ ուզում են՝ փակեն, բայց մենք չենք ուզում: Որ զավոդը փակվի, պիտի նստենք սոված: Իսկ ջահելներն ասում են՝ չեք ուզում, չենք աշխատի: Գողություն կանենք, թալան, կապրենք»:
34-ամյա Հրաչյա Միքայելյանը գործարանի փակումը համեմատում է. «Էդ նույն բանն է, որ մարդ որդու կորուստ ունենա: Մտածում ես՝ ի՞նչ պիտի անես, ի՞նչ պիտի ուտես»: Գործարանի փակման պատճառները, ըստ «Էյ Սի Փի» ՓԲԸ-ի Ալավերդու տարածաշրջանային տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովի, գազի, էլեկտրաէներգիայի, արտանետումների համար նախատեսված հարկերի բարձրացումն է, սակայն Նիկոլայ Ֆեոֆանովը հավաստում է, որ իրենք ցանկանում են ամենաքիչ կորուստներով գործարանի աշխատողներին ապահովել նոր աշխատանքով, որը կլինի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում: Նշենք, որ 4 տարի կպահանջվի այդ ենթակառուցվածքի՝ ճանապարհների, շինությունների եվ այլ կառույցների ստեղծման համար: Հետեւաբար, Ալավերդու պղնձաձուլական գործարանում աշխատող մասնագետներն այդ տարիներին իրենց մասնագիտությամբ չեն կարողանա աշխատել:
Ներկայումս նրանց աշխատավարձը 75 հազար դրամ է, որը նրանց հնարավորություն է տալիս օրվա ապրուստը հազիվ հայթհայթել: Վերը ասվածից կարելի է ենթադրել, որ Ալավերդին, լինելով էկոլոգիական թեժ կետերից մեկը, մոտ մեկ տարի անց կդառնա նաեւ սոցիալական լարվածության թեժ կետ:
Հ.Գ., նյութը գրվել է «Էկոլուր» եվ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ միջավայրի» ՀԿ-ների իրականացած «Տեղեկատվական հայելի» ծրագրի ընթացքում Հայաստանի հյուսիսի էկոլոգիական թեժ կետերում անցկացված մեդիա-տուրի շրջանակներում:
Դեկտեմբեր 17, 2007
