

ԷկոԼուր
Ցանկացած հանքարդյունաբերական ընկերություն Հայաստանում իր պարտքն է համարում կառուցել սեփական ոսկու կորզման ֆաբրիկան: Եվ ահա Հայաստանի փոքր տարածքում արդեն կառուցված են երեք արտադրություններ: «GeoProMining Gold» ընկերությանը պատկանող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան (Արարատի մարզ) վերամշակում է Սոտքի եւ Մեղրաձորի ոսկու հանքավայրերի հանքաքարերը: Ֆաբրիկայից ոչ հեռու ցիանային պոչամբարն է: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Մեղրաձորի հանքավայրը «GeoProMining Gold» ընկերության ակտիվներում չէ: Այն «Մեղրաձոր Գոլդ» ընկերությանն է, որը ներկայացրել է սեփական ցիանային արտադրության կառուցման նախագիծը: Ցիանային արտադրությունը տեղակայվելու է Մեղրաձոր առողջարանային գոտում (Կոտայքի մարզ)` ուղիղ Մարմարիկ գետի վրա, որը Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտու բոլոր գյուղերի ջրամատակարարման աղբյուրն է:
Մեկ այլ ցիանային արտադրություն էլ Մասիսում է (Արարատի մարզ)` Մասիսի ոսկու կորզման ֆաբրիկան, որը պատկանում է «Ասսաթ» ՍՊԸ-ին: Այստեղ վերամշակվում է Թուխմանուկի հանքավայրի հանքանյութը (Արագածոտնի մարզ), որը գնվում է «Մեգա Գոլդ» ընկերությունից:
Հրազդանում (Կոտայքի մարզ)`բնակելի տներից ընդամենը 500մ հեռավորության վրա, «Պարամաունթ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն ավարտին է հասցնում ցիանային արտադրությունը: Ֆաբրկայում ոսկի են կորզելու Լուսաջուրի ոսկու հանքավայրի հանքաքարից, որը Մեղրաձորի հանքավայրի մի հատվածն է:
Բացի այդ, ցիանային արտադրության նախագիծ է ներկայացրել նաեւ «Գեոթիմ» ընկերությունը, որի ակտիվներում է Ամուլսարի հանքավայրը (Վայոց ձորի մարզ): Նախնական տվյալներով ֆաբրիկայի տարածքը գտնվում է Արփա եւ Որոտան գետերի ջրահավաք ավազանում, որը համարվում է Սեւանա լճի ավազանի մի մասը:
Հունվար 08, 2013 at 12:03
