Բնապահպանական փորձաքննությունը պետք է մերժի Ամուլսարի նախագիծը

Բնապահպանական փորձաքննությունը պետք է մերժի Ամուլսարի նախագիծը

ԷկոԼուր

Սույն թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 11.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի գյուղապետարանում, տեղի կունենան «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:

ԷկոԼուրը ՀՀ բնապահպանության նախարարություն է ուղարկել կարծիք Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փաստաթղթի վերաբերյալ:  Կարծիքում ասված է.

««ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը կարծում է, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը պետք է մերժի Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի ՇՄԱԳ-ը, որը ներկայացվել է «Lydian International» ընկերության կողմից` ի դեմս «Գեոթիմ» ՓԲԸ-ի, 2014 թ-ի օգոստոսի 25-ին` Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ:

Չնայած ՇՄԱԳ-ի ծավալին՝ 440 էջ, 25 հավելվածներին և հանքի փակման ծրագրին, ՇՄԱԳ-ում արտացոլված չեն շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար իրական ռիսկերը, որոնց մասին հասարակությունը, պետական կառույցները՝ Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը, անկախ փորձագետները, բազմիցս ահազանգել են ՀՀ բնապահպանության նախարարություն, կառավարություն և «Lydian International» ընկերության բաժնետերերին՝ Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (EBRD):

Նախ և առաջ այդ ռիսկերը կապված են երկրի ռազմավարական ջրային ռեսուրսների հետ, քանի որ նախագծի ենթակառուցվածքը հիմնականում տեղակայված է Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանում, ինչպես նաև Կեչուտ և Սպանդարյան ջրամբարների մոտակայքում, որոնք իրենց հերթին մտնում են Սևանա լճի ավազանի մեջ («Սևանա լճի մասին» ՀՀ օրենք, հոդված 3): Հենց այս պատճառով Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը դեռ 2012թ-ին տվեց բացասական եզրակացություն Ամուլսարի հանքավայրի բաց շահագործման նախագծին: Եզրակացությունն առկա է նաև ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում:

ՇՄԱԳ-ում նշված է. «Դատարկ ապարների լցակույտ 113 784.153 հազ մ3 տարողությամբ արտաքին լցակույտի տարածքը գտնվելու է բացահանքերից դեպի հյուսիս-արևմուտք:

Ներքին լցակույտի ծավալը կազմում է 40 936.080 հազ. մ3, զբաղեցրած տարածքը` 57 հա:

Մինչև բացահանքի շահագործման 5-րդ տարին մակաբացման ապարները 87.9 մլն մ3 ծավալով պահեստավորվում են բացահանքերից դեպի հյուսիս-արևմուտք տեղադրված արտաքին լցակույտում և 6.1 մլն մ3 N1 բացահանքի 2780 մ նիշ ունեցող հանքաստիճանից վերև մշակված տարածությունում:

Այնուհետև N1 բացահանքի խորացմանը զուգահեռ մնացած մակաբացման ապարները 37861.65 հազ. մ3 ծավալով պահեստավորվում են N1 բացահանքի մշակված տարածությունում և արտաքին լցակույտում»:

Երկրաբանական հետազոտությունների ընթացքում արված նմուշների անալիզներից հայտնի է, որ հանքավայրում մեկ տոննա հանքաքարը պարունակում է 0,8-0,9 գրամ ոսկի: Մնացած ուղեկցող տարրերը` կադմիումը, կապարը, մկնդեղը և այլն, շրջակա միջավայրի համար ագրեսիվ միացությունների տեսքով ցրված կմնան լցակույտերում, օդի ու արևի ազդեցության տակ, կսկսեն տարածվելով թունավորել ջուր, հողը, օդը: Սակայն այս ազդեցության մասին նախագծում ոչ մի խոսք չկա, իսկ ընկերությունը պարզապես գրում է. «Անօրգանական փոշի»` չնշելով, որ այդ անօրգանական փոշին ամենավտանգավոր աղտոտիչներից մեկն է:

ՇՄԱԳ-ի համաձայն` միայն մանր ապարի պահեստից տարեկան կարտանետվի   373.6 տոննա անօրգանական փոշի, տրանսպորտի տեղաշարժից, 0.61 տոննա, տարրալվացման հարթակից`349.7 տոննա: Այսինքն`ընկերությունը չի ներկայացրել այդ փոշու կազմը` ճշտելով կապարի, կադմիումի, մկնդեղի և այլ տոքսիկ և ծանր տարրերի պարունակությունը անօրգանական փոշու մեջ: Դրա հետ մեկտեղ նշենք, որ 2006թ-ից ընկերության կողմից իրականացված զանգվածային հետազոտությունների արդյունքում արդեն իսկ հողում ծանր մետաղների պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

ՇՄԱԳ-ում նշված է. «Հանքի շահագործման ընթացքում խախտվելու է 660 հա հողատարածք»: Մասնավորապես բաց հանքերը զբաղեցնելու են գումարային 152.31հա տարածք, արտաքին լցակույտը - 140.69 հա, կույտային տարրալվացման հարթակի վերջնական մակերեսը կկազմի մոտավորապես 134 հա:

Այդ տարածքները կդառնան ջրերի և գյուղատնտեսական հողերի համար ծանր մետաղներով աղտոտման աղբյուր, ինչի մասին նախագծում նշված չէ:

Ամուլսարի նախագծի տարածքում ուրանի առկայությունն ակնհայտ է, քանի որ Գրոմովի և Կոլցովի հետազոտությունները բաց են ծանոթացման համար, և այնտեղ նշված է Ամուլսարի ուրանային հանքավայրում ուրանի 100 տոննա պաշարի մասին: Ռադիացիոն վտանգի մասին նշված է նաև Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի եզրակացության մեջ և ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահի նամակում: «…նշված տեղանքում գտնվող հանքավայրի շահագործման ժամանակ, հաշվի առնելով հանքավայրում առկա բնական ռադիակտիվ իզոտոպներով շրջակա միջավայրի աղտոտման հնարավորությունը, «Գեոթիմ» ՓԲԸ-ն պետք է կազմակերպի հանքավայրի հարակից տարածքի ճառագայթային մոնիտորինգ»,- մասնավորապես նշված է Կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի նամակում: Հարց է առաջանում, եթե հանքի շահագործման արդյունքում հարակից տարածքները ենթարվեն ճառագայթման, ապա մոնիտորինգի արդյունքում ինչպե՞ս կարելի է այդ վիճակը փոխել: Այս մասին ՇՄԱԳ-ում ոչինչ ասված չէ:

Սակայն, բացի ռադիացիոն ֆոնի մոնիտորինգից ընկերությունը ոչինչ չի առաջարկում: Չկան հետազոտությունների արդյունքներ ուրանային հանքավայրի սահմանների վերաբերյալ: Այդ արդյունքները չեն կարող ներկայացվել, քանի որ ընկերությունը չունի իրավունք անցկացնել ուրանի պաշարների հետազոտություն: Դա «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի մենաշնորհային իրավունքն է:

Ցիանային արտադրամասի (կույտային տարրալվացման հարթակ) ռիսկերն ընդհանրապես ներկայացված չեն: Ըստ ՇՄԱԳ-ի` արտադրամասն ունի 104 միլիոն տոննա մանրացված հանքաքարի պահեստավորման հնարավորություն: Ցիանական նատրիումի տարեկան պահանջարկն արտադրամասում կկազմի 2000 տ, աղաթթվի` 1000 տ: Ըստ կշռի` 20% ցիանային լուծույթը պատրաստվելու է ֆաբրիկայում, ապա պահեստավորվելու է ցիանային լուծույթի պահեստավորման կոնտեյներում: Ցիանիդը նման կոնցենտրացիայով իրենից մեծ վտանգ է ներկայացնում ամբողջ կենդանի օրգանիզմների համար: Եւ ՇՄԱԳ-ում ոչ մի տեղ նշված չէ ցիանային հնարավոր արտահոսքի մասին մարդկային գործոնների, տեխնիկական և բնական աղետների  դեպքում: Ընկեությունը հղում է անում միջազգային ստանդարտներին, սակայն միջազգային ստանդարտները 100 տոկոսանոց երաշխիք չեն կարող ապահովել հնարավոր վտանգների համար: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետք է կամ ընդհանրապես հրաժարվել ցիանիդի օգտագործումից, կամ ստեղծել հատուկ հիմնադրամ, որի հաշվին հնարավոր վթարների և ցիանիդի արտահոսքերի դեպքում կփոխհատուցվեն վնասները: Սակայն ՇՄԱԳ-ում ոչ մի խոսք չկա օչ հնարավոր վնասի գնահատման մասին, ոչ հատուկ հիմնադրամի ստեղծման, ոչ  վթարների հնարավորության մասին եւ այդ ցիանային արտադրությունից հրաժարվելու մասին:

Դրա հետ մեկտեղ նշենք, որ ցիանային արտադրամասն ընկերությունը ցանկանում է կառուցել Գնդեվազ գյուղի տարածքում՝ 280 տնտեսություններում առկա ծիրանի այգիներում, գյուղատնտեսական այլ հողերում, 134 հա տարածքում: ՇՄԱԳ-ում նշված է, որ այգիների համար նախատեսված է փոխհատուցում, որը չի փոխարինում հատուկ վթարային հիմնադրամի ստեղծումը և կտրված ծառերի փոխարեն հստակ թվով նոր ծառատունկի իրականացումը:

Ամենամեծ գլուխը նվիրված է կենսաբազմազանությանը, որում ներկայացված են ընկերության կողմից վարձված մասնագետների խմբի հետազոտությունները: Այստեղ կա մեծ հակասություն նախագծի տարածքում բնակվող Կարմիր գրքում գրանցված տեսակների քանակի վերաբերյալ, որոնք ներկայացրել է WWF-Հայաստանը: Մեկնաբանվում է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածը, որը հրամայական արգելում է հանքավայր բացել Կարմիր գրքում գրանցված տեսակների բնակավայրերում և կենդանիների միգրացիոն միջանցքներում: Ընկերությունը խոսում է տեսակների տեղափոխման մասին` ընդ որում, հղում անելով ՀՀ ԳԱԱ-ին: Բայց հավելվածներում տրված են ՀՀ ԳԱԱ-ի պատասխաններն այդ հարցերին, որոնցում ասված է, որ հարցը պահանջում է հետագա ուսումնասիրություններ:

Այսպիսով, բոլոր 440 էջերի ծավալի մեջ նշված են պատճենահանած մեթոդները և սեփական եզրակացությունները, որոնք հաճախ չեն համապատասխանում անգամ ընկերության կողմից վճարվող փորձագետների կարծիքին»:

16:00 Սեպտեմբեր 26, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news