Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ասում է, որ Ամուլսարում ուրան չկա եւ հիմնվում է միայն «Lidian International» շահագրգիռ ընկերության տվյալների վրա

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ասում է, որ Ամուլսարում ուրան չկա եւ հիմնվում է միայն «Lidian International» շահագրգիռ ընկերության տվյալների վրա

ԷկոԼուր

Ապրիլի 22-ին «ԷկոԼուր»-ը հարցում էր ուղարկել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն` հիմնվելով Գնդեվազ համայնքի բնակիչների ահազանգերի վրա, որ Ամուլսարի մոտ մի անհայտ ընկերություն շահագործում է բարձր ռադիոակտիվ ֆոն ունեցող արճիճի հանքավայր: «ԷկոԼուր»-ը դիմել էր նախարարություն հարցով, թե ինչ հանքավայր է շահագործվում, արդյոք Ամուլսարում անցկացվե՞լ են  ռադիոակտիվ ֆոնի ուսումնասիություններ եւ ինչպիսի՞ արդյունքեր են ստացվել:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 06.05.2011թ. N 07/24.1/17.06-11 պատասխանում ասվում է, որ Ամուլսարում ուրան չկա: Նախարարությունը` ի դեմս նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանի, հիմվում է միայն «Գեոթիմ» ընկերության` «Lidian International» ընկերության հայկական ներկայացուցչի տվյալների վրա, որին տրամադրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման 03.04.2009թ. թիվ 14/588 հատուկ լիցենզիան եւ որի հետ 28.12.2009թ. կնքվել է թիվ 458 լիցենզային պայմանագիրը: «...հայտնում եմ, որ Ձեր կողմից բարձացված հարցադրումները քննարկվել են «Գեոթիմ» ՍՊ ընկերության տնօրեն Հ. Ալոյանի հետ, որը ներկայացրեց, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի լրահետախուզական աշխատանքների ընթացքում կատարվել է մոտ 3500 նմուշարկում, որոնց լաբորատոր փորձարկումներն իրականացվել է կանադական «ALS Chemex» լաբորատորիայում (ք. Վանկուվեր): Համաձայն վերջինիս տվյալների` Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքաքարի փորձարկված նմուշներում ռադիոակտիվ օգտակար հանածոյի պարունակությունը կազմել է առավելագույնը 0,0002%»:

Մեր կողմից նշենք, որ Ամուլսարում ռադիոակտիվ հումքի մասին տեղեկությունները առկա են Գ. Պ. Ալոյանի գիտական հոդվածում (տե’ս http://ecolur.org/ru/news/nuclear-energy/still-in-2007-scientists-turned-out-to-have-estimated-armenian-uranium-reserves-v-about-100000-tons/2409/), որտեղ օգտագործվել են Ա. Ե. Քոչարյանի, Բ. Ի. Պիգուլսկիի, Վ. Վ.  Շելխովսկիի, Լ. Ս. Ռուդնիցկայայի, Ռ. Ե. Քոչինյանի, Ա. Մ. Անտրոպցեւի  ֆոնդային նյութերը: Ամուլսարի առումով հոդվածում գրված է, որ «Ամուլսարի երեւակումը գտնվում է Կեչուտ գյուղից 4 կմ դեպի հարավ-արեւելք եւ նույնանուն սարի գագաթից 5 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Տարածքով ավելի նշանակալից 5 հատվածներում ուրանի պարունակությունը լայնորեն տատանվում է հազարավոր բաժիններից մինչեւ 0,5 %-ի` 0,025–0,03 % միջին պարունակությամբ: Ամուլսարի երեւակման 5 հատվածներում մոտավորապես հաշվվել է 76 տոննա ուրան, իսկ հաշվի առնելով թորիոմի տարածքում ուրանի առկայությունը` նրա ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա»:

Նաեւ հիշեցնենք, որ այս եւ այլ տվյալներ հիմք են հանդիսացել «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության» (ՀՌԼԿ) ստեղծման համար, որը ՀՀ կառավարության 2008թ. մարտի 6-ի թիվ 234 որոշմամբ բացառիկ իրավունք ունի Հայաստանում ռադիոակտիվ հումք հետախուզելու, ուսումնասիրելու եւ արդյունահանելու:

ՀՀ կառավարության թիվ 228 որոշման մեջ հղում կա 2008թ. մարտի 6-ի` «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի  ստեղծման մասին թիվ 234 որոշման վրա: Այդ ընկերության բաժնետոմսերի 50%-ի սեփականատերը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն է: Մենք ակնկալում ենք, որ նախարարությունը պետք է պաշտպանի ընկերության շահերը եւ հիմնվի այն ճշտված տվյալների վրա, որոնք ՀՌԼԿ-ի տնօրինման ներքո են, այլ ոչ մեկ ուրիշ ընկերության:

Մայիս 18, 2011 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր