Ադրբեջանն ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը

Ադրբեջանն  ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը

Սեպտեմբերի 29-ին մարտական գործողություններ են ընթացել նաև Հայաստանի Հանրապետության սահմանին: ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ: Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից այրվել է քաղաքացիական ավտոբուս, տուժածներ չկան:

«Արհամարհելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:

Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան»,- նշված է ՀՀ Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Շարունակվում են մարտերը Արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ: «Հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր: ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի:

Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել ՝ մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ»,- գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: Նա նաև տեղեկացրել է, որ Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման բոլոր փորձերը՝ պատճառելով տեխնիկայի և մարդկային ուժի ծանր կորուստներ: «Ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ: Ըստ լրացվող տվյալների՝ հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա,
4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ»,- գրել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանի զինուժը լայնամասշտաբ մարտական գործողություններ է իրականացնում Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: 

Լուսանկարը՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի

Սեպտեմբեր 29, 2020 at 17:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր