Վարչական վերաքննիչ դատարանի որոշմամբ կասեցվել է «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի 2020 թվականի հուլիսի 31-ի թիվ 1033-Ա հրամանի կատարումը: ՏԿԵՆ-ը «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի ընդերօգտագործման իրավունքը դադարեցրել էր, քանի որ ընկերությունը ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ ընդանրապես չի իրականացրել: Ընկերությունը Վարչական դատարանում վիճարկել էր դատական ակտը: Վարչական դատարանը մերժել էր ընկերության հայցը՝ իր որոշումը բխեցնելով այն հանգամանքից, որ վիճարկվող ակտի կատարումը չի կարող հանգեցնել հայցվորին զգալի վնաս պատճառելուն, քանի որ առկա չեն ընդերքի վիճահարույց տեղամասն այլ տնտեսվարող սուբյեկտի տրամադրվելու մասին վկայող ապացույցներ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի որակել Վարչական դատարանի դիրքորոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցվելու իրողությունը պարարտ նախադրյալներ է ստեղծում Ընկերությանը հատկացված ընդերքի նույն տեղամասն այլ տնտեսվարող սուբյեկտի օգտագործմանը հանձնվելու տեսանկյունից: Նոր տնտեսվարողի կողմից ընդերքի տվյալ տեղամասի հետագա շահագործման արդյունքում էականորեն կարող է նվազել հանքաքարի պաշարը, ինչը, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Ընկերության հայցի բավարարման դեպքում, կարող է զգալի վնաս պատճառել Ընկերությանը:
Վերաքննիչ վարչական դատարան Ընկերության ներկայացրած միջնորդության համաձայն՝ հանքը չշահագործելու պատճառներից է հետևյալ հանգամանքների փոփոխությունը.
«- 2013 թվականից երկաթի միջազգային գներն էականորեն նվազել են` տատանվելով մեկ տոննայի համար 100 ԱՄՆ դոլարի սահմաններում, և գների նման անկումը, հաշվի առնելով արտադրական ծախսերը, տնտեսապես անկենսունակ են դարձրել ծրագիրը.
- պետության կողմից փորձաքննության ենթարկված հաշվետվություններով (պաշարների հաշվարկներով) հանքավայրում պաշարները գրեթե 3 անգամ հավելագրված են եղել, այսինքն` կան եզրագծված, հաշվարկված հանքային մարմիններ, բայց այդ հանքային մարմինները բնության մեջ գոյություն չունեն.
- դեպի սևծովյան նավահանգիստներ երկաթուղային փոխադրման սակագներն ավելացել են գրեթե երկու անգամ»:
Ընկերությունը նաև նշել է. «Սույն գործով վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվորին, ինչպես նաև վերջինիս աշխատակիցներին, հիմնադիրներին կարող է զգալի վնաս պատճառել, քանի որ Ընկերության կողմից շահագործվող հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքից զրկվելը և վարչական ակտի կատարումը կասկածի տակ է դնում Ընկերության և վերջինիս շահառուների հետագա գործունեության, ինչպես նաև աշխատակիցների և շահառուների սոցիալական ապահովման հնարավորությունը»։
Միևնույն միջնորդության մեջ ընկերությունը ներկայացրել է միմյանց հակասող տեղեկատվություն: Նախ նշել է, թե ինչու չի շահագործվել հանքը, ապա նշել է, որ իր կողմից հանքը շահագործվում է: Նշվել է նաև աշխատակիցների մասին, մինչդեռ ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի ներկայացրած 2016-2019թթ. հաշվետվություններից պարզ է դառնում, որ ընկերությունն ունեցել է ընդամենը 1 աշխատակից և ընդհանարապես հանքաքարի արդյունահանում չի իրականացրել:
ՏԿԵՆ-ը 2 անգամ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Առաջին անգամ բողոքը վերադարձվել է՝ սխալը շտկելու և կրկին ներկայացնելու: Երկրորդ անգամ ՏԿԵՆ-ի բողոքը Վճռաբեկը մերժել է վարույթ ընդունել բողոքում ներկայացված փաստարկները ոչ բավարար և հիմնավորված համարելով:
Նշենք, որ Հրազդանի երկաթի հանքը գտնվում է Հրազդան քաղաքի սրտում և հրազդանցիները կտրականապես դեմ են այս հանքի շահագործմանը:
Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման նախագծին դրական բնապահպանական եզրակացություն է տրվել 2008թ-ին, որն այդ ժամանակ փորձաքննության էր ներկայացրել «Նագին» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը հանքը պետք է շահագործեր 2009թ-ին, սակայն հասարակական մեծ ընդվզում սկսվեց հանքի շահագործման դեմ: Հանքը չշահագործվեց: 2011թ-ին հանքի ակտիվները «Նագինը» վաճառեց չինական «Ֆորչուն Օյլ» ընկերությանը, որի ներկայացուցիչը Հայաստանում «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ն է: Այս ընկերությանը տրված 20.10.2012թ. ընդերքօգտագործման ՇԱԹՎ29/169 թույլտվության համաձայն՝ հանքը պետք է շահագործեր մինչև 26.01.2032թ-ը: Այս ընկերությունը միայն պաշարների հետախուզական աշխատանքներ իրականացրեց հանքի տարածքում: Հանրային մեծ բողոք կար Հրազդանի երկաթի հանքի շահագործման դեմ: Հանքը չշահագործվեց:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ «ՖՈՐՉՆ ՌԻԶՈՐՍԻՍ» ՍՊԸ, ՀՐԱԶԴԱՆԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մայիս 16, 2022 at 12:37