Գործադիրը հաստատեց գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը

Գործադիրը հաստատեց գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը

Սույն թվականի օգոստոսի 4-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի)  աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը: Ծրագրի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց. «90-ականներին հողային ռեֆորմ է տեղի ունեցել և գյուղացիական տնտեսություններին բաժանվել են հողակտորներ: Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ 320 000 գյուղացիական տնտեսություն ունեն մոտ 1 միլիոն 100 հազար հողակտոր և միջին գյուղատնտեսական տնտեսությունն ունի 1,5 հա ընդհանուր հողային տարածք, որը միջինը բաղկացած է 4 կտորից: Բնականաբար, տեսնում ենք, թե գյուղատնտեսությունն ինչպիսի ցածր արտադրողականություն է այս պայմաններում դրսևորում, և մարդիկ չեն էլ մշակում իրենց ունեցած հողակտորները: Այսօր մշակվում է վարելահողերի մոտ 50%-ը, իսկ մնացած 50%-ը կամ լքված է, կամ չի մշակվում: Մենք անցած տարի, կառավարության ծրագիրը գրելիս, գյուղատնտեսության զարգացումը տեսել ենք հենց հողերի մշակումը մեծացնելու և արտադրողականությունը բարձրացնելու մեջ: Եվ այդ առումով նշել ենք կառավարության ծրագրում, որ իրականացնելու ենք հողային ռեֆորմ: Միաժամանակ տեսնում ենք, որ խոշոր գյուղացիական տնտեսություններն իրենց բավականին լավ են դրսևորում, չունեն որևիցե ֆինանսական դժվարություններ, զարգանում են, մեծ արտադրանք են տալիս, արտահանում և այլն: Այդ առումով, պարոն վարչապետ, երկու շաբաթ առաջ Ձեր մոտ քննարկում եղավ հողային ռեֆորմի հետ կապված, որի ժամանակ մենք որոշում կայացրեցինք պիլոտային ծրագիր իրականացնել մի քանի բնակավայրերում: Միաժամանակ նաև կարիք կա, որպեսզի մեր ջանքերին միանա նաև մասնավոր հատվածը: Եվ այսօր մենք առաջարկում ենք հողերի կոնսոլիդացիայի աջակցության ծրագիր, որի ներքո մենք մասնավոր անձանց և ընկերություններին կոչ ենք անում միավորել հողակտորները մեծ հողային միավորների մեջ, որպեսզի կարողանան զբաղվել ավելի բարձր արտադրողական գյուղատնտեսությամբ: Մեր ծրագրի էությունն այն է, որ այն մարդիկ կամ ընկերությունները, ովքեր մեր հետ համաձայնեցնելիս կամ մեր հետ պրոցեսը սկսելուց հետո կհավաքեն, կկոնսոլիդացնեն մի հողային միավորի մեջ 30-ից մինչև 200 հա հողային միավոր, կառավարությունը կաջակցի բարելավելու այդ հողային միավորը մելորիացիայի տեսքով և նաև ջրավազանի կառուցման: Այսինքն, մենք այդ ծախսերի 50 %-ը կփոխհատուցենք: Մեր հաշվարկներով միջին հեկտարի վրա կատարված ծախսը գնահատվում է մոտ 2 միլիոն 760 հազար դրամ»:

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես ասաց. «Գյուղատնտեսական հողի կտրտվածությունն ամենամեծ պրոբլեմներից մեկն է, եթե չասենք անկյունաքարային, որը մենք ունենք գյուղատնտեսության ոլորտում: Եվ մենք խնդրի լուծման տարբերակներ ենք մտածում, և պարոն Քերոբյանի ներկայացրածը տարբերակներից մեկն է: …Դուք մի տարբերակ նշեցիք, երբ որ խոշոր ներդրողներն ուզում են խոշոր ներդրում անել: Հիմա, օրինակ, շատ ներդրողներ կան, որ կառավարության աջակցությունն են ակնկալում: Ասում են՝ ուզում ենք ներդրում անել, մեզ տվեք, ենթադրենք, գյուղատնտեսական նշանակության 50 հա, 100 հող, և մենք պարտավորվում ենք այսքան ներդրում անել: Բայց Հայաստանում ՀՀ կառավարության տիրապետման ներքո 50 կամ 100 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող առնվազն չկա, կամ շատ քիչ է: Հետևաբար, մենք ուղղորդում ենք, որ բանակցեն և սեփականտերերից ձեռք բերեն: Պարզվում է, որ 100 հա հող ունենալու համար պետք է բանակցել 900 սեփականատիրոջ հետ: Հիմա մենք փորձում ենք մոտիվացիա ստեղծել, որ նրանք չհուսահատվեն այդ ճանապարհին: Սա մի ուղղությունն է: Երկրորդ ուղղությունը գյուղացիական կոոպեարտիվներն են: Սա այն դեպքն է, երբ գյուղացիներն՝ իրենք հարևան հողակտորները միավորում են առանց սեփականության իրավունքի փոփոխության և կոլեկտիվ տնտեսություն են ձևավորում»:  

Որոշման հիմնավորման համաձայն՝ ակնկալվում է, որ միավորվող հողերի չափը 2023 թվականին կկազմի շուրջ 1000 հա, 2024 թվականին` շուրջ 1500 հա, 2025 թվականին` շուրջ 2000 հա։ 2023 թվականին ծրագրի իրականացման գնահատված արժեքը կկազմի մինչև 1․38 միլիարդ դրամ, 2024 թվականին՝ մինչև 2.07 միլիարդ դրամ, 2025 թվականին՝ մինչև 2.76 միլիարդ դրամ:

 Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման մակարդակի նվազեցում՝ շուրջ 4500 հա-ով

2) գյուղատնտեսական նշանակության հողերի մասնատվածության մակարդակի նվազեցում՝ շուրջ 0.84%-ով

3) գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացում՝ շուրջ 2-3 անգամ

4) գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության բարձրացում

5) ոռոգելի հողատարածությունների ավելացում՝ շուրջ 2500 հա-ով

6) ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում և վճարունակության բարձրացում

7) հողերի շուկայի զարգացում

8) նոր աշխատատեղերի ստեղծում

9) մշակվող հողատարածքներում ներդրումների ծավալների ավելացում

10) գյուղատնտեսական տեխնիկայի և աշխատուժի ծախսերի կրճատում առնվազն 11%-ով։

Օգոստոս 04, 2022 at 14:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր