Քրեական վարույթ ՊԵԿ-ի կողմից բացահայտված ապօրինի հանքարդյունահանման դեպքով

Քրեական վարույթ ՊԵԿ-ի կողմից բացահայտված ապօրինի հանքարդյունահանման դեպքով

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առանց պետական գրանցման հանքարդյունահանման ապօրինի դեպք է բացահայտել Արմավիրի մարզում: Կոմիտեի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի կայքից: 

«ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում: Ստացված տեղեկությունների հիման վրա, վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որ նշված տարածքում ֆիզիկական անձի կողմից իրականացվել է ավազակոպճային խառնուրդի հանքավայրի ապօրինի շահագործում: Ծածկագրված, այնուհետև բացահայտ եղանակներով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Մ. Ա.-ն Գետաշեն համայնքի տարածքում ձեռք է բերել 2 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 2 հողակտոր և առանց ընդերքօգտագործման իրավունքի ու առանց հարկային մարմիններում հաշվառման այդտեղ իրականացրել է օգտակար հանածոյի արդյունահանման գործունեություն: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ապօրինի հանքարդյունահանումը քաղաքացին կազմակերպել էր տարբեր տնտեսվարող սուբյեկտներից վարձակալած տրանսպորտային միջոցներով, ընդ որում, հիմնականում երեկոյան ժամերին»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տեղամասից տեղահանվել է շուրջ 16 հազար խոր. մետր ավազանման լեռնային զանգված, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 39 միլիոն դրամ:

Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի հատկանիշներով ՊԵԿ քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Մանրամասները՝  տեսանյութում:



Օգոստոս 05, 2022 at 13:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր