ՎՏԱՆԳԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՍԵՎԱՆԻ ՄՈՏ ՈՍԿՈՒ ՖԱԲՐԻԿԱՅԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԴԵՄ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՍԵՎԱՆԻ ՄՈՏ ՈՍԿՈՒ ՖԱԲՐԻԿԱՅԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԴԵՄ

Գայանե Մկրտչյան, «ԱրմենիաՆաու»

Բնապահպանները Հայաստանում խիստ մտահոգ են բնապահպանական առումով կենսական նշանակություն ունեցող Սևանա լճի մոտ ոսկու արդյունահանման ֆաբրիկայի կառուցմամբ, որը, ըստ նրանց` մեծապես կսպառնա երկրի ամենամեծ քաղցրահամ ջրի պաշարի էկոլոգիային և պատճառ կդառնան մեկ այլ բնապահպանական աղետի:

Էկոլոգիական հասարակական դաշինքի «SOS Սևան»-ը (նախաձեռնող խմբի անդամները) պնդում է, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը 2008 թ. նախաձեռնել է Սևանա լճի ջրահավաք ավազանի գոտում` Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում, ոսկու արդյունահանման ֆաբրիկայի, ցիանիդների և այլ թունաքիմիկատների ամբարի ու պոչամբարի կառուցման ծրագիր:

Էկոլոգիական դաշինքի ձեռքն է ընկել «Գեոպրոմայնինգ» ընկերությանը պատկանող «Սոթքի հանքավայրի տարածքում ոսկու արդյունահանման ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգ` հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը» փաստաթղթի պատճենը:

Այդ փաստաթղթում ընկերությունն իր երախտագիտությունն է հայտնում գործընթացում ներգրավված Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային կենտրոնին, Երկրաբանության ինստիտուտին, կենդանաբանության, հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտին, բնապահպանության նախարարությանը և մի շարք այլ գերատեսչությունների խորհրդատվության համար:

«Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի նախագահ Ինգա Զարաֆյանին զարմացնում է այն հանգամանքը, որ փաստաթուղթը մարտի 2-ին բարձրաստիճան պաշտոնյաների և «Գեոպրոմայնինգ» ընկերության ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ:

«Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Սոթքի նախագծի վերաբերյալ գործընթացը տեղափոխվել է նեղ քաղաքական որոշումների դաշտ: Չի բացառվում, որ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, որի 10-րդ հոդվածը արգելում է հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը Սևանի ավազանում, կարող է փոփոխության ենթարկվել: Եթե օրենքից հանվի այդ արգելքը, ապա Սևանա լճին կսպառնան անդառնալի վտանգներ»,- բացատրում է Զարաֆյանը:

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ Ռուսաստանում, Հայաստանում և Վրաստանում: Հայաստանում ընկերությանն է պատկանում Սոթքի ոսկու հանքավայրը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (որտեղ աշխատողների թիվը հասնում է 700-ի): Ամեն տարի ընկերությունը ՀՀ պետբյուջե է մուծում 2,5 մլն դոլար:

Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը կարծում է, որ ԳԱԱ-ն ընդհանրապես այդ քայլին չպետք է գնար: «Նա պետք է ի սկզբանէ բոլոր տեսակի հետազոտություններից հրաժարվեր, որովհետև կա «Սևանի լճի մասին» օրենք: Այլ խոսակցություն չէր կարող լինել»,- ասում է նա:

Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը նշում է, որ ֆաբրիկայի կառուցման վերաբերյալ նախարարության պաշտոնական դիրքորոշումն արտահայտել է նախարար Արամ Հարությունյանը ապրիլի 3-ին «Կենտրոն» հեռուստատեսությամբ:

«Նա հաղորդել է, որ նախարարությունը ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ստացել Սոթքում ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցման վերաբերյալ: Այս փուլում օրենսդրությամբ արգելվում է վերամշակող ձեռնարկության կառուցումը Սևանի ավազանի տարածքում»,- ասում է Պապյանը:

Ըստ փոխնախարարի` դեռևս 2005 թ. իրենք բացասական եզրակացություն էին տվել շինարարության համանման նախագծի վերաբերյալ, որը ներկայացրել էր հնդկական Vedanta Resources խումբը:

«Եթե նման գործունեության արդյունքում էկոլոգիական ռիսկերը բացակայեին, չէր լինի նաև «Սևանի մասին» օրենքի համապատասխան դրույթը: Եթե հանկարծ որոշվի օրենքում փոփոխություններ կատարել, այդ ժամանակ մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք»,- ասում է Պապյանը:

Այս շաբաթ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստն անցկացվել է Գեղարքունիքի մարզում`նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որի ընթացքում նախագահը հայտարարել է, որ Սևանի խնդիրները փոխկապակցված աշխատանք են պահանջում:

«Մենք Սևանի հանդեպ պարտք ունենք: Սևանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ`սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք: Սևանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, և սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն,- ասել է նախագահ Սարգսյանը:-«Մեզ համար, իրոք, պարտականություն է, և այդ պարտքը պետք է վերադարձնենք նաև այն ակնկալիքով, որ Սևանը պետք է շարունակի ծառայել մեր ժողովրդին ու սերունդներին»:

ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ օրենքը փոխելու ազդակներ խորհրդարանում չկան:

Մինչդեռ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ նման շշուկներ արդեն իսկ շրջանառվում են:

«Համոզված եմ, որ եթե առաջարկվեն փոփոխություններ օրենքում, ապա անպայման կանցնեն: Եթե իշխանական համաձայնություն չլիներ, որևէ մեկը նախնական աշխատանքներ չէր տանի,- ասում է Մարտիրոսյանը:- Ընկերության հետ պայմանագիրը կնքվել է դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք, և հետաքրքիր է` արդյոք Սերժ Սարգսյանը կշարունակի՞ այդ հանցավոր ծրագիրը»,- ասում է նա:

«Գեոպրոմայնինգ» ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պատսխանատու Ռուզաննա Գրիգորյանն ասում է, որ ընկերության ղեկավարությունը մեկնաբանություններ տալ չի ցանկանում:

Ֆաբրիկայի կառուցման գլխավոր վտանգներից մեկը հանքանյութի վերամշակումից հետո դատարկ ապարների կուտակումն է, որոնց ծավալները կարող են հասնել մինչև 300 միլիոն տոննայի: Այս հսկայական քանակությունը տարբեր տեսակի մասնիկների և փոշու տեսքով, որոնք ունեն տոքսիկ բաղադրություն` ծանր մետաղներ, անտիմոն, մկնդեղ, պիրիտ և այլն, մթնոլորտային տեղումների և քամիների հետ կներթափանցեն ստորգետնյա և գրունտային ջրերի մեջ, իսկ դրանցով` Սևան:

«Ցիանային միացություններով, ծանր և տոքսիկ տարրերով պոչամբարը մշտական ռումբ է Սևանի համար: 28 միլիոն խորանարդ մետր ծավալով պոչամբարի աշխատանքային և անվտանգ վիճակն ապահովելու համար տարեկան մոտ 40 միլիոն դոլար կպահանջվի»,- ասում է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

Ըստ Դանիելյանի` հանքի շահագործումից ընդհանուր առմամբ բյուջե մուտք կգործի մոտ 105 միլիոն դոլար, ինչը նշանակում է, որ ընկերության հեռանալուց հետո այդ գումարը կբավականացնի 2,5 տարի, որից հետո պետությունը պարտավոր կլինի պոչամբարը պահելու ծախսերը վերցնել իր վրա` փոխանցելով այդ պարտքը սերնդե սերունդ:

Բնապահպաններն ահազանգում են, որ Սևանա լճի աղտոտումը իր հետ կբերի նաև այլ ծանր հետևանքներ, ինչպիսիք են` թունավորված խմելու ջուր, ոռոգման համակարգ, շարքից դուրս եկած գյուղատնտեսական տարածքներ, հանգստի տարածքների և ձկնորսության գոտիների ոչնչացում (Հայաստանի ողջ պաշարը 35 միլիարդ խմ է, որից Սևանա լճինը` 33 միլիարդ խմ):

Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտական քարտուղար Էվելինա Ղուկասյանն ասում է. «Ինստիտուտի նախնական եզրակացությունը դրական չի եղել: Եղել են ընդամենը նախնական տվյալներ` հիմնված մի քանի ամսվա հետազոտության արդյունքների վրա: Մենք բացասական կարծիք ենք հայտնում Սևանի ավազանում ցանկացած հանքահարստացուցիչ կոմբինատի մասին»:

Ղուկասյանը նաև նշում է, որ իրենք չեն կարող ներկայացնել իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունը: Այն հանդիսանում է «Գեոպրոմայնինգի» սեփականությունը:

«Սա առաջին դեպքն է, երբ գիտական հետազոտությունների արդյունքները քննարկվում են փակ դռների հետևում: Կոչ եմ անում հանրությանը, որ պահանջեն հետազոտությունների արդյունքները»,- ասում է նա:

«SOS Սևան» նախաձեռնող խումբը ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններից պահանջում է կասեցնել ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյի դիմումի համաձայն տարվող «Գեոպրոմայնինգ» ընկերությանը կայունացման վարկ տրամադրելու քննարկումներն այնքան ժամանակ, մինչև ընկերությունը չհրաժարվի Արարատից ոսկու արդյունահանման ֆաբրիկան Սևանի ավազան տեղափոխելու իր ծրագրերից և չի ապացուցի իր գործունեության թափանցիկությունը և ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունը:

Մայիս 06, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր