Ամուլսարյան կրքերը տեղափոխվեցին Երևան

Ամուլսարյան կրքերը տեղափոխվեցին Երևան

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծի վերաբերյալ իրենց կարծիքները հայտնեցին Գնդեվազ համայնքի բնակիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը օգոստոսի 26-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Մամուլի ասուլիսին նաև եկել էին մասնակցելու Գնդեվազի համայնքապետ Հայրապետ Մկրտչյանը և մի քանի բնակիչներ:

«Գնդեվազի 210 բնակիչներ բողոք են ուղղել Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC): Բողոքը վարույթ է ընդունվել, քանի որ հիմնավորված է», - ասաց Թեհմինե Ենոքյանը:

Անդրադառնալով օգոստոսի 25-ին Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Գնդեվազում անցկացված հանրային լսումներին, նա ասաց. «Սարավանի, Գորայքի և Գնդեվազի «Գեոթիմ» ընկերության աշխատակիցներն առավոտյան արդեն իսկ զբաղեցրել էին դահլիճը և Գնդեվազ համայնքը մնացել էր ոտքի վրա: Բնակիչները բոյկոտեցին և դուրս եկան… 210 բնակչի բողոքի նամակի վերաբերյալ հնչեց կարծիք, որ ստորագրությունները կեղծված են, իսկ ես նշեցի՝ ով կասկածում է, կարող է դիմել դատարան…Գնդեվազի մի շարք գյուղացիներ անձամբ ինձ ահազանգ են հնչեցրել, որ իրենց նկատմամբ կան սպառնալիքներ՝ եթե դուք դեմ եք ստորագրել, ապա ձեզանով կզբաղվի ԿԳԲ-ն (Ազգային անվտանգության ծառայություն): Սակայն երեկվա լսումներից հետո ստորագրողների ցուցակը մեծանում է, քանի որ մարդիկ հասկանում են, թե ինչ վտանգներ է պարունակում Ամուլսարի նախագիծը Գնդեվազի համար: Մարդիկ նշում են, որ Ամուլսարի տարածքի անասնակերն իրենց անասունները չեն ուտում, ծիրանը չի սպառվում շուկայում, որովհետև ասում են՝ ձեզ մոտ ցիանային ֆաբրիկա է կառուցվելու, ձեզ մոտ հանք է շահագործվելու, դուք մաքուր տնտեսություն չունեք… Գնդեվազ համայնքում այս պահին ընթանում է հասարակական լսումների այլընտրանքային արձանագրություն կազմելու գործընթաց: Համայնքն ունի տարբեր դիրքորոշումներ: Ես պետք է մի շատ կարևոր նկատառում անեմ՝ կառավարությունը որպես այդպիսին «թռած է ման գալիս» հանրային լսումներից: Ստեղծում են այնպիսի իրավիճակ, երբ 4 համայնք կարող են վիճել միմյանց հետ և անգամ հասնել ծեծկռտուքի: Իսկ կառավարությունն ասում է՝ ես կապ չունեմ: Արդյունքում կառավարությունը լվանում է իր փողերը, ընկերությունն իր փողերով փորձում է կառավարության հետ իր հարցերը լուծել, իսկ մնում են 4 համայնքների բնակիչներ, ովքեր միմյանց հետ ունեն շահերի լուրջ բախում»:

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը նշեց պատճառները, համաձայն որոնց Ամուլսարի հանքավայրը չպետք է շահագործվի: «Ամուլսարի հանքավայրը ոչ մի նորմալ երկրում չէր շահագործվի, որովհետև այն կլիներ տնտեսապես ոչ շահավետ: Դու ունես ցիանային արտադրության թափոններ, որոնք առաջին կարգի վտանգավոր թափոններ են: Հայաստանում այդ թափոնները չեն հարկվում, քանի որ համարվում են ոչ թե թափոններ, այլ տեխնածին հանքավայր: Այսինքն, կազմակերպությունը ոչ մի դրամ չի վճարի այդ թափոնների համար ժողովրդին, և դա արդեն բավարար է, որ այդ հանքավայրը չշահագործվի:

Երկրորդը՝ հանքավայրը չէր շահագործվի, քանի որ հանքանյութը պարունակում է շատ ցածր քանակությամբ ոսկի՝ 0.8-0.9 գրամ 1 տոննա հանքաքարում: Այս ամենը համաշխարհային բիրժայի խաղ է, որպեսզի մի քանի մարդ փող աշխատի, ինչպես Հայաստանում, այդպես էլ միջազգային հանքարդյունաբերական մաֆիայում: Լսումներին պարզվեց, որ Հայաստանից արտագաղթի հիմնական մեղավորները բնապահպաններն են և հասարակական կազմակերպությունները, որովհետև իրենք աշխատատեղ չեն ստեղծում այդ գյուղերում: Համայնքների ղեկավարները և ընկերության աշխատողները մոռացել են, որ ՀՀ-ում աշխատատեղեր պարտավոր է  ստեղծել ՀՀ կառավարությունը: Երբ այդ կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները՝ հենց իրեն է պետք դիմել:

Նորմալ երկրում այսպիսի հանքավայրը չէր կարող շահագործվել, քանի որ շահագործողը 70 տոկոս հարկ պետք է վճարեր պետությանը: Իսկ մեզ մոտ ընկերությունը վճարում է մոտ 27 տոկոս հարկ, այսինք այնքան, որքան մենք և մեր նմանները վճարում ենք պետությանը՝ չպատճառելով ոչ մի վնաս շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը, ոչ էլ վերցնում են ընդերքի հարստությունը, որը մեր բոլորի և մեր սերունդների սեփականությունն է:

Հանքավայրը շահագործվում է Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանում: Իհարկե, ընկերությունը պնդում է, որ այդ ջրային ռեսուրսներին ոչ մի վնաս չի լինելու, պայթեցնելու ժամանակ փոշին տարածվելու է մինչև 100 մետր: Գնացեք ցանկացած տեղ փոշու հետևից և տեսեք՝ որքան տարածության վրա է տարածվում: Ընդ որում, Ամուլսարը Հայաստանի ամենաուժեղ քամիների տարածքներից մեկն է:

Այսպիսով, մարդկանց գցում են թյուրիմացության մեջ: Բայց ես չեմ մեղադրում Գեոթիմին և Լիդիանին, որովհետև իրենք հանգիստ օգտվում են մեր բոլորի անտարբերությունից, մենք թույլ ենք տվել կառավարության և Ազգային ժողովի հետ միասին մեր օրենքներով, որպեսզի այլ երկրների «հանքարդյունաբերողները» օգտագործեն մեզ:

Հաջորդը՝ ըստ Ամուլսարի նախագծի, ոչ մի  խնդիր չի առաջանալու Արփա-Սևան և Որոտան-Սևան թունելների հետ: Բացի «Գեոթիմ»-ի աշխատակիցներից, Հայաստանից դեռևս ոչ մի մասնագետ չի ստորագրել, որ այդ թունելներին վտանգ չի սպառնում: Ռիսկերի կառավարումը ՇՄԱԳ-ում գրելը շատ հեշտ է, բայց իրականում շատ դժվար է: Դրա մասին վկայում են վերջերս տեղի ունեցած 2 խոշոր վթարները Կանադայում և ԱՄՆ-ի հյուսիսում: Մի տեղում պոչամբարն է պայթել և տարածվել ամբողջ գետային համակարգում, իսկ մյուսում եղել է ցիանի արտահոսք, որի հետևանքով այսօր 100 դպրոց փակել են, որովհետև չգիտեն` ինչ վիճակում են ջրային ռեսուրսները: Իսկ Հայաստանում 9-10 բալանոց սեյսմիկ գոտում ասում են, որ ռիսկերը կառավարելի են:

Հաջորդը՝ գնահատված չէ, թե որքան տնտեսական երկարաժամկետ վնաս է հասցնելու Ամուլսարի նախագիծը: ՀՀ կառավարությունը չի պահանջում նման գնահատում, մոտ 600 հա հողատարածք դուրս են գալիս ՀՀ ֆոնդից, որովհետև այդ հողերն այլևս չեն կարող օգտագործել, եթե հաշվենք երկարաժամկետ, որքան օգուտ էին բերելու այդ հողերը: Ո՞վ է արել այդ հաշվարկը և համեմատել օգուտների հետ, օրինակ աշխատատեղերի, որի մասին խոսում է ընկերությունը: Հանքավայրը ստեղծում է աշխատատեղ 10-15 տարով, որից հետո այդ տարածքները դառնում են ոչ պիտանի, որտեղ մարդիկ չեն կարող աշխատել և զբաղվել որևէ գործունեությամբ», - ասաց Լևոն Գալստյանը:

«Գնահատված չեն հիմնական ռիսկերը: Ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչ տոքսիկ և ծանր մետաղներ պետք է դուրս գան ոսկու հետ միասին: Ընկերությունը ասում է միայն անօրգանական փոշու մասին, բայց այդ փոշու մեջ կան առաջին կարգի տոքսիկ նյութեր՝ կադմիում, բերիլիում, մկնդեղ և այլն: Ոչինչ ասված չէ, թե նախագիծը ինչ ձևով է ազդելու շրջակա միջավայրի և մարդկանց վրա: Ընկերությունը պարտավոր է ապահովել ֆոնդ, ըստ որի պետք է փակի վնասաբեր բացասական ազդեցությունը: Նրանք այդ ֆոնդը չունեն և ոչ մի տեղ գրված չէ, որ նրանք այդ ֆոնդը պետք է ստեղծեն», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Գնդեվազի բնակիչ Վահան Մկրտչյանը հարց ուղղեց. «Ինչպե՞ս կարող է դրսում ապրող մարդը ստորագրի (բողոք IFC-ին), որ ինքը հանքին դեմ է»: 

«Մենք ստացել ենք նամակ Կրասնոդարի հայկական համայնքից, որտեղ մարդիկ ասում են, որ ունեն տարածքներ և չեն պատրաստվում վաճառել: Կապ չունի մարդը ՀՀ-ում է ապրում, թե դրսում: Ես անձամբ ունեմ Գնդեվազում իմ ծիրանի այգին, և, որպես սեփականատեր, ես դեմ եմ իմ մաքուր այգին ոչնչացնելուն», - պատասխանեց Թեհմինե Ենոքյանը:

«Ում տարածքները չի ընկնում տարրալվացման հողի առքուվաճառքի մեջ, դժգոհողները էդ մարդիկ են», - ասաց Գնդեվազի մեկ այլ բնակիչ:

«Ես ունեմ 1 հեկտար այգի:   304 հազար դրամ առաջարկում են 1 տնկու համար», - ասաց Վահան Մկրտչյանը:

«Զապիս արեք…դուք երեկ ամբիոնում նստած, ղեկավարությունն էր, թե ով էր, ձեզ հարց տվեց ցիանիդի մասին: Նրանք ասեցին՝ դուք կարող եք ասել էդ տոկոսը, իսկ դուք ոչինչ չկարողացաք ասել: Մեր հանրությունը այնտեղ նստած էր, իսկ որպես ԷկոԼուր դուք չուզեցիք, որ մենք իմանանք: Հիմա ասեք՝ քանի՞ տոկոսն է թույլատրելի», - հարց ուղղեց Գնդեվազի բնակիչը Ինգա Զարաֆյանին:

«Լսումների ժամանակ ծրագիրը ներկայացնում է ընկերությունը, և այդ հարցին պարտավոր է պատասխանել ոչ թե հասարակական լսումների մասնակիցը, այլ լիազորված ընկերությունը, որը պատրաստել է այդ նախագիծը: Ես իմ հարցով ուզեցել եմ իմանալ ընկերությունից՝ ինչպես են իրենք համապատասխանեցնում իրենց ՇՄԱԳ-ը միջազգային պահանջներին, երբ պետք է մինիմիզացվի ցիանային տոկոսայնությունը: Եվ այդ պատասխանը ես չստացա: Ձեր հարցին ոչ թե ես պետք է պատասխանեմ, այլ ընկերությունը», - պատասխանեց Ինգա Զարաֆյանը:



Օգոստոս 27, 2014 at 12:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր