Բացասական հաշվեկշիռ ունեցող Սևանից հավելյալ ջրառի հարցը կրկին օրակարգում է

Բացասական հաշվեկշիռ ունեցող Սևանից հավելյալ ջրառի հարցը կրկին օրակարգում է

Արդեն մի քանի տարի շարունակ Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ է գրանցում։ 2020թ․ տարեվերջին լճի մակարդակը կազմել է 1900.52 մ, 2021թ․ տարեվերջին՝ 1900.43 մ, 2022թ․ տարեվերջին՝ 1900․28 մ։

2023թ. տարեսկզբից մինչև մայիսի 24-ը 1900․28 մ նիշից լճի մակարդակը բարձրացել է մինչև 1900․45 մ, սակայն 20 սմ-ով դեռ ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Լճից արդեն իսկ իրականացվել է 17,617 միլիոն խմ ջրառ, Արփա-Սևան ջրատարով լիճ է ներհոսել 50,710 միլիոն խմ ջուր՝ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների։

Նման պայմաններում պետական մարմինների ղեկավարները քննարկում են Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու հարցը։

Օրերս Ազգային ժողովում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը հայտարարեց Սևանից շուրջ 70 միլիոն խմ հավելյալ ջրառի անհրաժեշտության մասին՝ նշելով Հրազդան գետի ջրատվության նվազման, ջրամբարների սակավաջրության մասին։ «Ջրամբարներում կանխատեսվել է 520-560 մլն խմ ծավալով ջրի կուտակում, սակայն սույն թվականի մայիսի 17-ի դրությամբ՝ այդ ջրամբարներում կուտակված ջրի ծավալը կազմում է շուրջ 363 մլն: Այս ցուցանիշը պակաս է, քան վերջին տասը տարիներում ամենից սակավաջուր համարվող 2014թ. նույն օրերի ցուցանիշից»,- ասել է Վահագն Գևորգյանը։

Նշենք, որ օրենքով Սևանա լճից ջրառի առավելագույն չափաքանակը 170 միլիոն խմ-ն է։

ՀՀ ջրային օրենսգրքի համաձայն սակավաջրությունը իրավիճակ է, որի արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման պայմանները: Այն սահմանվում է՝ հիմք ընդունելով տվյալ հիդրոլոգիական տարում մթնոլորտային տեղումների քանակը, ձմռան ամիսներին կուտակված ձյան պաշարը, օդի ջերմաստիճանը, և երբ, ըստ բազմամյա դիտարկումների տվյալների, գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը գերազանցում է 66,7 տոկոսը:

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սակավաջրության մասին հայտարարելու համար ՀՀ ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարությունը պետք է ընդունի համապատասխան որոշում, որը պետք է ներառի միջոցառումներ ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակման, սակավաջրության տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման չափավորման կամ սահմանափակման վերաբերյալ։ 2023թ․ դրությամբ ՀՀ կառավարությունը նման որոշում դեռ չի կայացրել։ 

 

Մայիս 25, 2023 at 13:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր