

ԷկոԼուր
«Եղեգիս գետի վրա նոր հանցագործություն է կատարվում, անմիջապես գետի ակունքում փոքր ՀԷԿ-երի կասկադ է կառուցվում` միանգամից 4 ՀԷԿ: Քանդում, ավիրում են գետի հունը, բնությունը, անտառապատ տարածքները: Ես հրավիրում եմ ԱԱԾ-ի ուշադրությունն այս հանգամանքի վրա»,- ԷկոԼուրին ահազանգեց «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանը: Վերջինս Վայոց ձորի մարզի Շատին համայնքում ցանկանում է գյուղատնտեսական ծրագրեր իրագործել, արդեն մոտ մեկ տարի է` պայքարում է Եղեգիս գետի վրա շահագործվող փոքր ՀԷԿ-երի դեմ: Եղոյանը բազմիցս հայտարարել է, որ Եղեգիս գետը ՓՀԷԿ-երի պատճառով ցամաքում է, գյուղատնտեսական ծրագրեր իրագործել առանց ջրի հնարավոր չէ:
Նրա խոսքով` նոր ՓՀԷԿ-երը կառուցվում են «Թթու ջուր» կոչվող հատվածում, որտեղ միավորվում են Եղեգիսի 8 վտակները: Ֆերմերը պնդում է, որ և ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման, և ՀՀ բնապահպանության նախարարություններից պահանջել է ներկայացնել կառուցվող ՓՀԷԿ-երի ՇՄԱԳ փաստաթղթերը, սակայն փաստաթղթերը չեն ներկայացվել: «Եթե չկա ՇՄԱԳ փաստաթուղթ, ուրեմն այդ ՓՀԷԿ-երի կառուցումն անօրինական է», - ասում է Տիգրան Եղոյանը:
Հունիսի 4-ին, երբ բողոքի ակցիայի ժամանակ Շատին համայնք էր այցելել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Եղոյանը նախարարի մոտ բարձրացրել է կառուցվող ՓՀԷԿ-երի հարցը: Ըստ Տիգրան Եղոյանի` նախարարը բողոքին ընթացք չի տվել: ԷկոԼուրին տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից հայտնել են, որ տեղյակ են ՓՀԷԿ-երի խնդրից, բայց այդ հարցը պետք է քննարկվի ՀՀ բնապահպանության նախարարության հետ:
Տիգրան Եղոյանը հայտարարեց, որ պատրաստվում է Շատինում բողոքի ակցիա կազմակերպել` պահանջով արգելել ՓՀԷԿ-երի կասկադի շինարարությունը:
Նշենք, որ Եղեգիս գետի սակավաջուր լինելու մասին բարձրաձայնել են նաև Շատինի բնակիչները` նշելով, որ այդպիսով խախտվում են իրենց բնական իրավունքները:
Հունիս 12, 2018 at 19:12