ԷկոԼուր
Ս.թ. մարտի 31-ին նշանակված էին «Էներգացանցշին» ԲԲԸ-ի «Նարեկ» ՓՀԷԿ-ի շահագործման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության նախագծի հանրային լսումները: Նախարարությունը հայտնել էր, որ երկրում արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ջրօգտագործման թույլտվությունների նոր հայտերի, այդ թվում՝ «Նարեկ» ՓՀԷԿ-ի լսումներն անցկացվելու են հեռավար կարգով:
«Նարեկ» ՓՀԷԿ-ի լսումների օրը նախարարության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում լսումների անցկացման ձևաչափի մասին լրացուցիչ տեղեկատվություն չտրվեց: Չհրապարակվեց նաև որևէ աղբյուր, որով կարելի էր միանալ լսումներին:
ԷկոԼուրը Շրջակա միջավայրի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանից հետաքրքվեց՝ անցկացվե՞լ են արդյոք ՓՀԷԿ-ի նշանակված լսումները, եթե այո՝ ի՞նչ ձևաչափով, ովքե՞ր են մասնակցել և ի՞նչ որոշում է կայացվել:
Ի պատասխան Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ պարտադիր պայման չի համարվում հանրային լսումն անցկացնել հավաքի կամ հանդիպման որևէ ձևաչափով՝ այդ թվում առցանց.
«Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը՝ ելնելով ստեղծված իրավիճակից (արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներ) դիտարկում էր մարտի 30-ին նշանակված հանրային լսումները հեռավար կարգով (առցանց) անցկացնելու հնարավորությունը։ Այդ կապակցությամբ ՇՄՆ Ֆեյսբուքյան պաշտոնական էջում և պաշտոնական կայքում տեղադրվեց հայտարարություն, ըստ որի ՇՄՆ-ն պատրաստակամություն էր հայտնել բոլոր ցանկացողներին էլեկտրոնային տարբերակով ուղարկել նախագծի փաթեթը։ Շահագրգիռ բոլոր կողմերին առաջարկվել էր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նոր հայտի գնահատման հասարակական լսումների վերաբերյալ կարծիքները, առաջարկությունները և դիտողություններն ուղարկել ՇՄՆ ՋՌԿԳ պետ Էդգար Փիրումյանի էլեկտրոնային փոստին։ Սակայն, անգամ ապրիլի 1-ի դրությամբ որևէ առաջարկ կամ դիտողություն չի ստացվել։
Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի 217-Ն որոշման, պարտադիր պայման չի համարվում հանրային լսումն անցկացնել հավաքի կամ հանդիպման որևէ ձևաչափով (այդ թվում առցանց)»:
Ստացվում է, որ ՓՀԷԿ-ի հանրային լսումների անցկացման համար պատասխանատու մարմինն արտակարգ դրության պայմաններում չի ապահովել որևէ առցանց աղբյուր, որով հանրային լսումներին մասնակցել ցանկացողները կարող էին իրենց հուզող հարցերն ուղղել ընկերության կամ նախարարության ներկայացուցիչներին՝ պարզաբանումներ ստանալու համար: Նախագծով հետաքրքված անձիք հնարավորություն ունեն միայն դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն: Ըստ այդմ հարց է առաջանում, կարո՞ղ են արդյոք «Նարեկ» ՓՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվության հանրային լսումները համարվել կայացած, եթե հանրությունը չի ունեցել հնարավորություն հարցուպատասխանի միջոցով տեղեկատվություն ստանալու:
«Նարեկ» ՓՀԷԿ-ի նախագծի մանրամասները՝ այստեղ:
Ապրիլ 01, 2020 at 19:40