«Մանե» ՓՀԷԿ-ի հայտում բացակայում են փորձաքննության համար կարեւոր տվյալները

«Մանե» ՓՀԷԿ-ի հայտում բացակայում են փորձաքննության համար կարեւոր տվյալները

ԷկոԼուր

Բնապահպանական փորձաքննություն է անցնում «Մանե» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը: Նախագծի բնապահպանական հիմնավորման համաձայն`«Մանե» փոքր ՀԷԿ-ը կառուցվելու է ՀՀ Սյունիքի մարզում` Որոտան գետի վրա: Բնապահպանական հիմնավորման մեջ նկարագրված չեն ՓՀԷԿ-ի կառույցները, որոնցից ամենագլխավորը բնապահպանական տեսանկյունից ձկնանցարանն է: Նշված չէ նույնիսկ, թե ինչ էկոլոգիական թողք է նախատեսված այս ՓՀԷԿ-ի շահագործման դեպքում, ինչպիսին է Որոտանի հիդրոլոգիական բնութագիրը, ինչ ձկներ են բազմանում Որոտան գետում, ինչ ազդեցություն կունենա նախագիծը ձկնաշխարհի վրա, տարեկան որքան էլեկտրաէներգիա է արտադրելու ՓՀԷԿ-ը, որ համայնքներն են գտնվում ՓՀԷԿ-ի ազդեցության գոտում, որքան վնասակար նյութեր կարտանետվեն մթնոլորտ շինարարության ժամանակ եւ այլն:

Նշված է միայն, որ կառուցվելու է 3600մ երկարությամբ  բաց  ջրանցք, միաճյուղ ճնշումային դերիվացիոն խողովակաշար, որի  տրամագիծը 1220 մմ է, երկարությունը` 980.0 մ: Դրվածքային հզորությունը կազմելու է 1879 կՎտ, հաշվարկային ելքը` 3.0 մ3/վ, ստատիկ ճնշումը` 95.0մ, հաշվարկային ճնշումը 80.7մ: Այսինքն, բացակայնում են այն բոլոր տվյալները, որոնք պետք է փորձաքննության ենթարկվեն: Փաստաթուղթն իրենից ներկայացնում է գնահատականներ եւ եզրակացություններ: Ըստ այդ գնահատականների`  «ՄԱՆԵ» ՓՀԷԿ-ի բացասական ազդեցությունը բնության վրա գրեթե զրոական է, քանի որ օգտագործվելու է արդեն գոյություն ունեցող ջրային սխեմա։ Նաեւ նշվում է, որ որպես  այլընտրանքային արտադրություն «Մանե» ՓՀԷԿ-ի` շնորհիվ Հայաստանում կնվազեն օդն աղտոտող արտանետումները: Դա փաստաթղթղում բացատրվում է հետեւյալ կերպ. «ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի չափով պակասում է ՋԷԿ-երի արտադրանքը և հետևաբար գազի այրումից գոյացող թունավոր արտանետումների քանակը»: Հատկապես ընդգծվում է, որ «ՄԱՆԵ» ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում Երևանի նոր կառուցված շոգեգազային շրջափուլով աշխատող ՋԷԿ-ում  տարեկան չի այրվի 1446 տոննա վառելիք եւ շրջակա միջավայր չի արտանետվի 12.5 կգ ծծմբի օքսիդ,  15350 կգ  ազոտի օքսիդ: Հրազդանի   ՋԷԿ-ում  տարեկան չի այրվի 2892 տոննա վառելիք: Շրջակա միջավայր չի արտանետվի 15.0 կգ ծծմբի օքսիդ, 13 տոննա ազոտի օքսիդ:

Այստեղ հարց է առաջանում` արդյոք Հայաստանի ՋԷԿ-երի հետ կա նման պայմանավորվածություն, որ ՓՀԷԿ-երի աճին զուգահեռ կրճատեն իրենց արտադրության ծավալը:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Փետրվար 11, 2015 at 14:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր