Առաջին անգամ Ծղուկ գյուղը զրկվում է ջրից (Լուսանկարներ)

Առաջին անգամ Ծղուկ գյուղը զրկվում է ջրից (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Առաջին անգամ Ծղուկ գյուղը զրկվում է ջրից: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Սյունիքի մարզի Ծղուկի համայնքապետ Մեսրոպ Ամիրջանյանը:

«Մեր գյուղը սնվում է Սպանդարյան ջրանցքից: Այսօրվա դրությամբ վիճակը շատ վատ է, ջրային տնտեսության աշխատողը զանգեց, ասեց, որ հայտարարությունով ձեր գյուղի ջրերը դադարեցնում ենք, շաբաթվա մեջ՝ 2 օր: Բնակիչներից մինչև այսօր բողոք չեմ ստացել, որ ջուր չկա, միայն երկու օր է, որ բողոք կա, որ ջուրը հերթով է, մեր ժողովուրդը սովոր չէ հերթի, - ասաց Ծղուկի համայնքապետը,- Ծղուկ համայնքը գտնվում է երկու ՓՀԷԿ-երի ազդեցության տակ: Հիմա ՀԷԿ-երը այդ ընթացքում իրար խանգարում են, Սպանդարյան ջրանցքի միջոցով աշխատում է նաև մի ՀԷԿ-ը: Անցյալ տարիներին ՀԷԿ-ը չէր աշխատում, բայց էս տարի շատ քիչ աշխատում է: Ես կառաջարկեի՝ եկավ ոռոգման սեզոնը, դադարացնեն ՀԷԿ-ի աշխատանքը 2 ամսով, որպեսզի լիարժեք այդ բոլոր գյուղերը ստանան ջուր: Եվ մենք այդ նույնը մարզպետին ասել ենք, առաջարկել ենք»:

«Հազարավոր աղբյուրներ են ցամաքել, չկան, ընենց աղբյուրներ էին, հրաշք աղբյուրներ, գետերն էլ սնուցվում էին հենց այդ աղբյուրներից: Արդեն 30 տարի է էս երևույթը կատարվում է, բնությունն արդեն իրա գործն անում էր, ՀԷԿ-երն ավելացան, ինչը նպաստեց աղբյուրների ավելի շուտ ցամաքելուն: Առաջ գետերում էնքան կարմրախայտ կար, որ վեդրոն վերցնում էիր, ջրի հետ լցվում էին, վեդրոի մեջ ձուկ էին բռնում, բայց հիմա մի հատ չես կարող գտնել արդեն», - բողոքեց Ծղուկի բնակիչը:

Հիմնականում անասնապահությամբ զբաղվող Ծղուկ գյուղը դատարկվում է: «Ապրելակերպ չկա, ամբողջ ժողովուրդը գնացելա, գյուղը դատարկա, սարերն են: Երիտասարդները քիչ են, մեծահասակներն են հիմնականում: Էս տարի անգամ առաջին դասարան չունենք, անցյալ տարի 1 հոգի էր», - ասաց Ծղուկի տարեց բնակիչը:

Մեծ թափ առած արտագաղթի պատճառը բնակիչների սոցիալական բարդ պայմաններն են, որոնց ավելացել է կաթի մթերման ցածր գինը:

«Կաթ ենք արտադրում, հանձնում ենք պանրի գործարանին: 120 դրամով են հաշվում, շատ էժան, գյուղացին այսօր տուժված աշխատում է, օգտվում են նրանք, ովքեր ընդունում են կաթը: Խանութում 500 դրամ են վաճառում, գյուղացուց 120 դրամով վերցնում: Մենք ֆերմա էլ ունենք, բայց ոնց հաշվարկ ենք անում` ձեռք չի տալիս: Խոտը՝ շատ թանկ, կաթը՝ էժան, վաճառում ես, քեզ ի՞նչ է մնում` ոչ մի բան: Կաթը ջրի գին է, հիմնականում բոլոր ֆերմերները ֆերմաները ծախում են, որովհետև ձեռք չի տալիս, 90 տոկոսը մինուսով են աշխատում», - ասաց Ծղուկ գյուղի բնակչուհին:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:

 
 
 
 
 
 


Օգոստոս 19, 2015 at 14:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր