Նավթամթերքի վերամշակման գործարան կառուցող «Արմօյլ» ընկերությունն՝ ընդդեմ «կանաչ» բիզնեսի

Նավթամթերքի վերամշակման գործարան կառուցող «Արմօյլ» ընկերությունն՝ ընդդեմ «կանաչ» բիզնեսի

ԷկոԼուր

ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում նավթամթերքի վերամշակման գործարան կառուցող «Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին 2019 թ-ի հոկտեմբերի 16-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով է ներկայացրել դիմում՝ հայտնելով, որ Եղվարդ քաղաքում Ռաֆիկ Վիրաբյանը իր կողմից հիմնադրած «Ռիվալ» ՍՊԸ-ի միջոցով հիմնել է մշակովի այգի՝ 6500 հատ պտղատու ծառերով և այդ վայրում զբաղվում է աճեցված մրգերի չրերի արտադրությամբ։

Ըստ «Արմօյլ»-ի՝ չրերի գործարանի անմիջապես հարևանությամբ գործում է «Սեմուր Ընդ Կո» ընկերությունը, որը զբաղվում է մետաղյա թիթեղների՝ ցինկապատ թիթեղների արտադրությամբ, և «Ռիվալ» ընկերությունն արտադրության պրոցեսը չի իրականացնում հիգիենայի խստագույն պահանջներին համապատասխան։

«Արմօյլ»-ի ներկայացրած տեղկություններով՝ «Սեմուր Ընդ Կո» ընկերությունն իր արտադրական պրոցեսի ընթացքում օգտագործում է ցինկի նյութեր, մասնավորապես՝ իրականացնում է մետաղյա թիթեղների ցինկապատում, որն իր բացասական հետևանքը կարող է ունենալ ինչպես բնապահպանության տեսանկյունից, այնպես էլ հարակից տարածքում «Ռիվալ» ընկերության կողմից աճեցված մրգերի, չրերի վրա, որի պարագայում «Ռիվալ»-ի կողմից իր ապրանքը որպես էկոլոգիապես մաքուր արտադրանք ներակայացնելը կարող է մոլորության մեջ գցել հասարակությանը։

Դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում հանձնաժողովը չի արձանագրել խախտումներ «Ռիվալ» ՍՊԸ-ում: Նաև պարզվել է, որ «Սեմուր Ընդ Կո» ընկերության կողմից երբևէ չի իրականացվել մետաղի ցինկապատում, և ընկերությունը չունի ցինկապատման արտադրական գործունեություն իրականացնելու մտադրություն:

ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովը 2020 թ-ի հունվարի 14-ի դռնբաց նիստում կարճել է «Արմօյլ»-ի կողմից ստացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: Նիստին «Արմօյլ»-ից որևէ ներկայացուցիչ չի ներկայացել, իսկ «Ռիվալ» ընկերությունը նշել է, որ «Արմօյլ»-ի դիմումը հիմնված է «վրեժի սինդրոմի վրա, և ընկերությունը ցանկացել է խոչընդոտներ ստեղծել ապօրինությունների դեմ պայքարող «Ռիվալ»-ի դեմ»:

Նշենք, որ «Ռիվալ» ՍՊԸ-ն 2018 թ-ից պահանջում է ՀՀ կառավարությանը դադարեցնել «Արմօյլ»-ի կողմից Եղվարդում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարությունը՝ որակելով այն ապօրինի: Գործարանը կառուցվում է անմիջապես պտղատու այգիների կողքին:

Ընկերության հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը ԷկոԼուրին էր ներկայացրել ՀՀ Քաղաքաշինության կոմիտեից 2018 թ-ի օգոստոսի 24-ին ստացված նամակը, որի համաձայն «Արմօյլ»-ը չունի շինարարական աշխատանքների թույլտվություն:

Գործարանի կառուցման դեմ բողոքի ակցիաներ են անցկացրել Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները: Գործարանը կառուցվում է բնակելի տների կողքին:

Գործարանը կառուցելու համար բնապահպանական փորձաքննություն չի անցկացվել, քանի որ ներկայացվել է, որ այն չի գերազանցում 1500 քմ:

2019 թ-ի հունվարին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարտավորեցրեց «Արմօյլ» ՓԲԸ-ին ձեռնպահ մնալ նավթամթերքի արտադրությունից, քանի որ ընկերության գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Իսկ մարտին ԴԱՀԿ-ն արգելանք դրեց «Արմօյլ»-ի` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող գույքի վրա և արգելեց իրականացնել ցանկացած գործողություն գործարանի տարածքում: Սակայն ընկերությունը շարունակեց գործարանի շինարարությունը: Մի քանի ամիս անց «Արմօյլ»-ը սկսեց գործարանի փորձարկումը: ԷկոԼուրը ստացավ այդ մասին ահազանգ և տեսանյութ, որում երևում էր գործարանից դուրս եկող սև ծուխը: Թեպետ դեռ 2018 թ-ին ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին վստահեցրել էր լրագրողներին և բողոքի ակցիայի մասնակիցներին. «Միջազգային նորմերով կանաչ արտադրություն է է լինելու: Նավթի մասին խոսք անգամ չկա, միայն յուղ է լինելու, թափոն, արտանետումներ ընդհանրապես չկան: Ոչ ծուխ ունի, ոչ գազ, ոչինչ չունի»:

Նշենք, որ բացի Ալֆրեդ Աբեդիից ընկերությունն ունի ևս երկու բաժնետեր` ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և իրանահայ Հենրիկ Տեր-Ղուկասյանը:

 

Փետրվար 28, 2020 at 15:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր