

ԷկոԼուր
Գրեթե միաժամանակ անցկացվում են Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի տարբեր հասարակական քննարկումներ: Նախագիծն իրականացնում է «Lydian International» ընկերության «Գեոթիմ» դուստր ընկերությունը: Նախագծի ընդլայնված տարբերակի հասարակական լսումները մարտի 12-ին Վայոց ձորի Սարավան գյուղում կազմակերպել է «Էկո Աուդիտ» ՍՊԸ-ն գյուղապետարանի հետ համատեղ: Հայտարարությունը հրապարակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կայքում մարտի 7-ին`այսինքն հանրությանը 1 աշխատանքային օր թողնելով նախագծին ծանոթանալու համար:
Երկրորդ քննարկումը` «Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա» թեմայով համաժողովը, մարտի 13-ին Ջերմուկում կազմակերպում է Ջերմուկի երիտասարդների նախաձեռնությունը:
Նշենք, որ «Գեոթիմ» ընկերության նախագծում (նրա հետ կարելի է ծանոթանալ մեր կայքում` «Ամուլսարի հանքավայրի ոսկու արդյունահանման բացահանքի ընդլայնման նախագիծը») Ջերմուկը հիշատակվել է «Սոցիալ-տնտեսական պայմանները» բաժնում, բայց Ջերմուկի մասին տվյալներ բաժինը չի պարունակում: Հավելենք, որ Ջերմուկում ապրում է մոտ 6000 մարդ, ովքեր հիմնականում աշխատում են առողջարանային զբոսաշրջության ոլորտում: Սարավան գյուղում ապրում է 272 մարդ, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ:
Մարտ 12, 2012 at 15:34
