«Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ»-ը վաճառում է Շահումյանի հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը

«Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ»-ը վաճառում է Շահումյանի հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը

Բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ»-ը 55.4 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառում է «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը։ Ընկերությունը ստորգետնյա եղանակով շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքը և Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատը։  

Գնորդը «Gold Mining Company» ՍՊԸ-ն է։ Ըստ «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ»-ի հաղորդագրության՝ վաճառքը կապված է ԱՄՆ դոլար/դրամ արտարժույթի անբարենպաստ միջավայրի հետ։ Հաղորդագրության մեջ նշված է, որ գնորդը՝ «Gold Mining Company» ՍՊԸ-ն, շահագործում է Լիճքվազ-Թեյի հանքավայրը, որը վերամշակման նպատակով հանքաքար է մատակարարել Կապանի կոմբինատին: Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարարության 14․08․2023թ․ «Մետաղական օգտակար  հանածոների արդյունահանման մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվություն» փաստաթղթի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը «Լիճքվազ» ՓԲԸ-ինն է։ 

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի համաձայն՝ «Լիճքվազ» ՓԲԸ-ի սեփականատերը ՀՀ քաղաքացի Սասուն Ավետիսյանն է, իսկ «Gold Mining Company» ՍՊԸ-ի, որը ստեղծվել է այս տարվա  օգոստոսի 2-ին, սեփականատիրոջ վերաբերյալ նույն աղբյուրում տվյալ առկա չէ։ Երկու ընկերություններն էլ գրանցված են նույն հասցեում։

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի և Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործողները պարբերաբար փոխվում են։ 2016 թվականին շահագործողը՝ կանադական «Dundee Precious Metals Kapan» ՓԲԸ-ն, վաճառվեց ռուսական «Polymetal International»-ին 25 միլիոն ԱՄՆ դոլարով: Ընդամենը 2 տարի անց՝ 2018 թվականին, «Polymetal International»-ը 55 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառեց ակտիվները բրիտանական «Chaarat Gold Holdings Limited»-ին: 

Օգոստոս 21, 2023 at 16:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր