

Արիս Ղազինյան, «ԱրմենիաՆաու»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 23-ին ԱԺ-ում նշել է, որ Հայաստանը դասեր է քաղել Ճապոնիայի ատոմային էներգետիկայի ոլորտում երկրաշարժի հետևանքով ստեղծված իրավիճակից:
Խոսքը նախևառաջ հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մասին է, որը գտնվում է Մեծամորում` Երևանից 30 կմ հեռավորության վրա: Ներկայումս շահագործվում է ատոմակայանի երկու էներգաբլոկներից մեկը:
Հայկական ատոմակայանի առաջին էներգաբլոկի շահագործումը սկսվել է դեռ 1976 թ. դեկտեմբերին, երկրորդինը` 1980 թ.: 1983 թ.` Հայաստանի ատոմակայանի երկրորդ հերթի նախագծի հաստատումից հետո, սկսվել էին երրորդ և չորրորդ էներգաբլոկների կառուցման աշխատանքները, սակայն 1986 թ. Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո բոլոր շինարարական աշխատանքները դադարեցվեցին:
1988 թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ատոմակայանն ամբողջությամբ պահպանել է իր աշխատունակությունը: Այդուհանդերձ, կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի 1989 թ. փետրվարին և մարտին հերթով կանգնեցվեցին առաջին և երկրորդ բլոկները:
Սակայն հետագայում, հաշվի առնելով էներգետիկ իրավիճակը, տրանսպորտային հաղորդակցության շրջափակումը և սեփական էներգակիրների բացակայությունը, արդեն անկախ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1993 թ. ապրիլի 7-ին որոշում կայացրեց հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերականգնման աշխատանքների սկզբի և շահագործման վերսկսման մասին, և արդեն 1995 թ. գործարկվեց ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը:
2003 թ.-ից ատոմակայանը հանձնված է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը: Հայկական կողմի և Եվրամիության միջև երկար բանակցությունների, ինչպես նաև ատոմային ոլորտում հայ-ռուսական երկխոսության արդյունքում երրորդ էներգաբլոկի կառուցման որոշում է ընդունվել:
Չորեքշաբթի ԱԺ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ շեշտը դրվում է ոչ միայն ատոմակայանի սեյսմիկ կայունության, այլև երկրաշարժի հետևանքներից ենթակառուցվածքների պաշտպանության վրա:
«Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկը կառուցվելու է` հաշվի առնելով բոլոր ռիսկերը: Այն պաշտպանության բարձր մակարդակ է ունենալու, քանի որ երրորդ սերնդի էներգաբլոկ է»,- ասել է Սարգսյանը:
Ամենայն հավանականությամբ ներկայիս ատոմակայանը (երկրորդ բլոկը) շահագործումից կհանվի 2016 թ.: «Գործող ԱԷԿ-ը բարոյապես մաշված է, իսկ նրա հզորությունը բնական գազի ներմուծման դադարեցման դեպքում չի օգնի խուսափելու նոր էներգետիկ ճգնաժամից»,- կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սևակ Սարուխանյանը:
Հայաստանի Հանրապետությունը ՀՆԱ բացարձակ ցուցանիշով վերջին տեղում է նոր ատոմակայաններ կառուցող պետությունների շարքում: Ակներև է, որ նման մակրոտնտեսական ցուցանիշներ ունենալով` անհնար է սեփական միջոցներով իրականացնել այնպիսի թանկարժեք նախագիծ, ինչպիսին միջուկային էներգաբլոկի կառուցումն է:
Օրինակ` Բուլղարիան, որի ՀՆԱ-ն զգալիորեն գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն, 2009 թ. ստիպված էր դադարեցնել Բելենսկի ԱԷԿ-ի շինարարությունը, քանի որ չկարողացավ ֆինանսավորել նախագիծը: Իսկ միջազգային ներդրողները պատրաստ չէին իրենց վրա վերցնել էներգաբլոկի կառուցման ֆինանսավորումը, քանի որ այդ նախագիծը ներդրողներին շոշափելի շահույթ չէր խոստանում:
Գրեթե նույն խնդրի առջև է կանգնած նաև Հայաստանը, քանի որ արտասահմանյան ներդրումներ խթանելու համար միջուկային էներգաբլոկի կառուցումը պետք է զուտ տնտեսական տեսանկյունից շահեկան լինի, իսկ դա այդպես չէ:
Հենց այս հանգամանքով է պայմանավորված այն, որ էներգաբլոկի կառուցման նախագիծն այնքան էլ չի հետաքրքրել ներդրողներին: Հետաքրքրություն ցուցաբերած միակ պետությունը Ռուսաստանն էր, որը 2010 թ. ստորագրված պայմանագրի համաձայն իր վրա կվերցնի նախագծի ֆինանսավորման զգալի մասը:
Քաղաքագետ Սարուխանյանը նշում է, որ դա բացասական երանգներով քննարկումներ է առաջացրել` իբր Մոսկվան էներգաբլոկի կառուցման միջոցով ձգտում է ամրապնդել իր դիրքերը Հայաստանում:
«Անկասկած, Մոսկվան դա ուզում է, և նման մտադրությունները բխում են նրա հիմնարար հետաքրքրություններից, սակայն, մյուս կողմից էլ` մի՞թե ինչ-որ մեկը կարծում է, որ Միացյալ Նահանգները հովանավորել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումը` ելնելով զուտ մարդասիրական մղումներից»:
Ավելի վաղ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ կառուցման նախագծով կպահանջի մոտ 5 մլրդ դոլար ներդրում, որի 20 տոկոսը համաձայնել է վճարել ռուսական կողմը, նույնքանն էլ` հայկականը: ԱԷԿ-ի նոր բլոկի հզորությունը կկազմի մոտավորապես 1200 ՄՎտ` ներկայիս 375 ՄՎտ-ի փոխարեն:
Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրասիայի և Եվրոպայի ամերիկյան աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը Երևանում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը նույնպես շահագրգռված է նրանով, որ համապատասխան ամերիկյան ընկերությունները մասնակցություն ունենան նոր ռեակտորի կառուցման ծրագրում:
Մարտ 25, 2011
