ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Թեղուտ» ՓԲԸ-ի՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի երկրորդ հերթի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվությանը (ՇՄԱԳ):
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի երկրորդ հերթի ընդլայնված բացահանքի տարածքը գտնվում է Շնող և Թեղուտ բնակավայրերի սահմաններում: Բացահանքի տարեկան արտադրողականությունը կկազմի 7 միլիոն տոննա: 2014թ․ դրությամբ հանքավայրի է B+C1 կարգերի վերահաստատված պաշարը կազմել է 142,2 մլն տ։ 01․01.2022թ․ դրությամբ արդյունահանվել է 44573 հազար տոննա հանքաքարի հաշվեկշռային պաշար։ Երկրորդ հերթի շրջանակներում արդյունահանվելիք ապրանքային հանքաքարը կազմելու է 91 միլիոն տոննա։
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի 1-ին հերթի շահագործման ժամկետն ավարտվել է դեռ 2014թ․ նոյեմբերի 7-ին՝ համաձայն 2006 թ․ նոյեմբերի 7-ին տրված Բնապահպանության նախարարության ԲՓ-135 դրական եզրակացության։ Մինչդեռ հանքը սկսել է շահագործվել 2015թ-ին առանց նոր փորձաքննության անցկացման։
Սահմանված փորձաքննական պահանջը՝ ՇՄԱԳ փորձաքննության ներկայացնել հանքավայրի երկրորդ հերթի շահագործման նախագծային փաստաթղթերը տարիներ շարունակ չի կատարվել։
Պոչամբար
Եզրակացության մեջ նշված է, որ պոչամբարի նախագծային տարողությունը կազմում է 145.8 մլն խմ: Այն դեռ կբավականացնի 197 միլիոն տոննա հանքաքարի տեղավորման համար։ Հավանաբար, ի նկատի ունեն, որ մինչև 197 միլիոն տոննա հանքաքարի վերամշակումից առաջացող պոչեր հնարավոր է ամբարել պոչամբարում։
Եզրակացության պատճառաբանական մասում նշված է, որ Թեղուտ բնակավայրում անցկացված հանրային քննարկումների ժամանակ բարձրացվել է պոչամբարի կայունության հարցը, ինչին ի պատասխան՝ ընկերությունից հայտնել են, որ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ պոչամբարում ամեն տարի իրականացվում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Նշենք, որ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է միայն փաստաթղթերի փորձաքննություն, իսկ նման փորձաքննությունը պոչամբարի իրական վիճակի մասին ճշմարտացի տվյալ չի կարող տալ։
Դեռ տարիներ առաջ շրջանառվեց Թեղուտի պոչամբարի լցվածության և ինքնափլուզման վտանգի մասին տեղեկատվություն։ «Վալլեքս» խումբը, որը շահագործել է Թեղուտի հանքավայրը, հայտարարեց պոչամբարի ինքնափլուզման ռիսկի մասին։
Ավելի վաղ՝ 2016թ-ին, պոչամբարի ինքնափլուզման ռիսկի մասին հայտնի դարձավ Համաշխարհային բանկի պատվերով կազմված «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» զեկույցից:
Պոչամբարի խնդիրը մեկն էր պատճառներից, որոնց հետևանքով հանքի աշխատանքը 2018թ. դադարեցվեց։ «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ-ի ակտիվներն անցան ՎՏԲ բանկին ֆինանսական պարտավորությունների չկատարման համար։
Հանքի աշխատանքը վերսկսեց 2019թ․։ «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ն պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ ուսումնասիրություն պատվիրեց բուլղարական «Գեոտեխմին» ընկերությանը։ Այս ընկերության պատրաստած զեկույցի ուսումնասիրության նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ։ Սակայն հասարակությանն այդ ուսումնասիրության և աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքների մասին տեղեկատվություն չտրամադրվեց։ 2022թ․ ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն հայտնեց, որ նախագծային փաստաթղթերի համաձայն՝ 1-ին փուլի ավարտմամբ պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքներն ավարտվել են, և իրականացվել է պատվարի բեռնում շուրջ 1 մլն տոննա ապարով։ Սկսվել են 2-րդ փուլի աշխատանքները, որի ընթացքում նախատեսվում է մինչև 2022 թվականի մարտի 31-ը կատարել արմատուրային և բետոնային աշխատանքներ՝ պոչամբարից դուրս եկող ջրի կոլեկտորի խողովակաշարի երկարեցման համար, որոնք չեն կարող իրականացվել առանց հարստացուցիչ ֆաբրիկայում հանքաքարի վերամշակման դադարեցման։ 2022թ. մարտից դադարեցվեցին հանքի շահագործման աշխատանքները մասշտաբային պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Անտառ
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման համար պաշտոնապես պետք է հատվի 357 հա անտառ, փոխարենը տնկվի 714 հա։ Ըստ եզրակացության՝ վերականգնված անտառային տարածքների մակերեսը կազմում է 548 հա։
Ըստ այդմ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերականգնել է 315 հա, «Աղավնատուր» ՍՊԸ-ն՝ 123 հա, «Ամանիտ» ՍՊԸ-ն՝ 30 հա, «Ռամիկ» «ՍՊԸ-ն՝ 13 հա, «Տրի գրեն ստոկս» ՍՊԸ-ն՝ 67 հա։
Շնող գյուղում տնկված այգիների ընդհանուր մակերեսը 129,2985 հա է, այդ ցուցանիշը պետք է հասցվի 180 հա-ի։
Համաձայն ընկերության՝ մնացել է վերականգնել ընդհանուր 36,92 հա տարածք։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ ԷկոԼուրի իրականացրած մշտադիտարկումը ցույց տվեց, որ մի շարք վայրերում ընկերության ձեռնարկած անտառատնկման աշխատանքները ձախողվել են։
2019թ․ ՀՀ դատախազությունը քրեական գործ հարուցեց «Հայատնառ» ՊՈԱԿ-ի կողմից նախատեսված Թեղուտի ծրագրի շրջանակներում 315 հա տարածքում աշխատանքների պատշաճ չկատարման և կեղծ տվյալների ներկայացման համար։ ««Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, առերևույթ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2015թթ. աշխատանքների կատարման կարգագիր ակտերում իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցրել շուրջ 114.580.000 ՀՀ դրամ անտառապատման, ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները կատարված լինելու վերաբերյալ` պետության համար առաջացնելով ծանր հետևանք: Իսկ ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների պաշտոնատար անձինք առերևույթ ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով 2012-2015թթ. չեն կատարել հրամանով և պայմանագրով իրենց վրա դրված վերահսկողության պարտականությունը, ինչի հետևանքով պետության համար առաջացրել են ծանր հետևանքներ»,- նշված է ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ:
Ըստ էության՝ փորձաքննության փուլում անտառտնկումների տվյալների վրա պատշաճ ուշադրություն չի դարձվել և անտառտնկումների կազմակերպման և խնամքի վերաբերյալ փորձաքննական պահանջ չի նախատեսվել։
Տնտեսությանը պատճառված վնաս
Թեղուտի հանքարդյունաբերական համալիրի շահագործման ընթացքում արտանետումներից տնտեսությանը հասցված տնտեսական վնասը գնահատվել է տարեկան 81 միլիոն դրամ, հողային ռեսուրսներին հասցված վնասը՝ 352 միլիոն 623 հազար դրամ, ջրային ռեսուրսներին հասցվող տնտեսական վնասը՝ տարեկան 746.3 հազար դրամ, անտառահատումների տնտեսական վնասը՝ տարեկան 1925 միլիոն դրամ։
Հունիս 02, 2023 at 18:49