Ոռոգման ջրի պակաս, անջրդի հողեր, «Արգիչի» փոքր ՀԷԿ-ի և ազդակիր բնակավայրերի կոնֆլիկտը մնում է չլուծված

Ոռոգման ջրի պակաս, անջրդի հողեր, «Արգիչի» փոքր ՀԷԿ-ի և ազդակիր բնակավայրերի կոնֆլիկտը մնում է չլուծված

«Արգիչի» փոքր ՀԷԿ-ի և ազդակիր բնակավայրերի միջև առկա կոնֆլիկտը մնում է չլուծված։ Տեղի բնակիչները բողոքում են ոռոգման ջրի պակասից, ՓՀԷԿ-ի խողովակաշարի պայթյունների պատճառած վնասների դիմաց փոխհատուցում չստանալուց, բնակավայրերի նկատմամբ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բացակայությունից։

Այս փոքր ՀԷԿ-ը կառուցված է Սևանա լիճ թափվող Արգիչի գետի վրա։ 

Ջրառն իրականացվում է Մադինա բնակավայրի վարչական տարածքում, ջրբացթողումը՝ Վերին Գետաշեն բնակավայրի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ին ազդակիր են Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն բնակավայրերը։ ՓՀԷԿ-ը շահագործում է «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ն: ՓՀԷԿ-ը կառուցվել է KfW գերմանական զարգացման բանկի վարկային միջոցներով:

«Արգիչի» փոքր ՀԷԿ-ը կառուցվել է ժամկետնանց փաստաթղթերի հիման վրա։

 ՓՀԷԿ-ի կառուցման համար բնապահպանական փորձաքննական եզրակացությունը տրվել է 2006թ․, սակայն այն կառուցվել է 2012թ․ և շահագործման հանձնվել 2013թ․։ Մինչդեռ այդ ժամանակվա ՀՀ բնապահպանական օրենսդրության համաձայն՝ բնապահպանական փորձաքննական եզրակացությունը ուժը կորցնում էր, եթե մեկ տարվա ընթացքում նախատեսվող գործունեության իրականացումը չէր սկսվում։

2013 թվականի հուլիսին տեղի ունեցավ ՓՀԷԿ-ի խողովակի առաջին պայթյունը։ Ջուրը ողողեց գյուղացիների ցանքատարածությունները: Այդ ժամանակվա Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարեց՝ խողովակաշարի վթարի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասը կփոխհատուցի «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը շահագործող «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ն:

Ընդամենը 2 ամիս անց՝ 2013 թվականի սեպտեմբերին, փոքր ՀԷԿ-ի խողովակը կրկին պայթեց։ Բնակիչներն ահազանգեցին, որ ոչնչացել է գարու բերքը։ «Հիդրոկորպորացիա»-ն վճարեց տուժածներին փոխհատուցում 40000 դրամի տեսքով։ Բնակիչները ոչ համարժեք համարեցին փոխհատուցումը։ Դեռ կրքերը չմարած՝ 2014 թվականի գարնանը փոքր ՀԷԿ-ի խողովակը կրկին պայթեց։ Այս վթարը բացահայտեց էական տեխնիկական խախտումներ, որոնցով կառուցվել է փոքր ՀԷԿ-ը։

2016 թվականի մարտին Էկոլուրի փորձագիտական խումբը մոնիթորինգ իրականացրեց ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցում և կայանում։ Ըստ փորձագետների եզրակացության․ «Սևանա լճի ձկնաշխարհի պահպանման և վերարտադրման գործընթացում՝ այս ՓՀԷԿ-ի բոլոր կառույցները և գետի բնապահպանական թողքի չափաքանակը պետք է այնպիսին լինեն, որ ոչ մի կերպ չխոչընդոտեն ձկների բնականոն տեղաշարժը։ Պետք է խստորեն պահպանվի ՋԹ-ով սահմանված` 1,0  մ3/վ ջրաքանակը։ Եթե այս պայմաններն անհնար է ապահովել, ապա պետք է ապամոնտաժել այս և Սևանի ավազանի գետերի վրա կառուցված մնացած բոլոր ՓՀԷԿ-երը։ Կայանում տեղադրաված ագրեգատների արդյունավետությունը կասկածելի է, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, պատճառ է դառնում սահմանված բնապահպանական թողքի ծավալների չպահպանելուն։ Եթե այս ՓՀԷԿ-ը պետք է շարունակի գործել, ապա անհրաժեշտ է տեղադրել եվրոպական արտադրության տեխնիկաԿայանում տեղադրված ագրեգատների արդյունավետությունը կասկածելի է, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, պատճառ է դառնում սահմանված բնապահպանական թողքի ծավալների չպահպանելուն։ Հիդրոլոգիական տվյալները ոչ հավաստի են, ինչի պատճառով ազդակիր համայնքներում առաջացել է ոռոգման ջրի պակաս: Տեխնիկական լուծումներով անհրաժեշտ է  գտնել բնապահպանական թողքի հստակ ապահովման եղանակ: ՓՀԷԿ-ում տեղադրված նախկին պլաստմասե խողովակների փոփոխությունից հետո մոտ 300մ խրամուղիներ բաց են, չի կատարվել հողի  ռեկուլտիվացիա,  ինչը պահանջում է արագ լուծում, առկա են նախագծային շեղումներ»։

Տարիների ընթացքում ՓՀԷԿ-համայնք կոնֆլիկտը սրվեց։ 2019 թվականի ձմռանը Վերին Գետաշենի բնակիչները փակեցին ՓՀԷԿ-ի փականը՝ պահանջելով կատարել համայնքի հանդեպ սոցիալական պարտականությունները՝ տարեկան 50 միլիոն դրամի չափով։ Ընկերությունը սա «բացառիկ շորթում» որակեց և չհամաձայնեց։ Այդ ժամանակ Վերին Գետաշենի համայնքապետ Տիգրան Մուրադյանը խնդիրը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին: Համայնքապետը հայտնեց, որ փոքր ՀԷԿ-ի շահագործումից հետո 350 հեկտար տարածք մնացել է անջրդի: Կա ձկնատեսակների ոչնչացման խնդիր, խողովակաշարերի անցկացման ժամանակ վնասվել են մարդկանց հողերը, բայց նրանք համաչափ փոխհատուցում չեն ստացել։

2021 թվականին կրկին ահազանգ հնչեց նոր պայթյունի վերաբերյալ, որը կրկին մեծ վնաս էր հասցրել բնակիչներին։

Ի՞նչ իրավիճակ է ներկայում ՓՀԷԿ-ի ազդակիր բնակավայրերում ըստ բնակիչների

Էկոլուրի նկարահանող խումբն այցելել է Վերին Գետաշեն և հանդիպել տեղի բնակիչների հետ։

«Դրախտավայր էր իմ հողը, հիմա տեսեք՝ ինչ վիճակ է», - իր հողամասն է ցույց տալիս Վերին Գետաշենի բնակիչ Աննա Պետրոսյանը, ում հողամասի տարածքով անցկացված է «Արգիճի» ՓՀԷԿ-ի խողովակաշարը։ Պայթյունից հետո հողամասը դարձել է ոչ պիտանի։  «3000 քմ-ն անհարթ, ժայռոտ հատված է դարձել․․․քար, ավազ, ժայռի բեկոր, ամբողջը լցվել է մեր տարածքի մեջ, ոչ մի բանի պիտանի չէ։ Մինչև վթարը եղել է մշակովի հող, աճեցվել են կարտոֆիլ, հացահատիկային տարբեր բույսեր, բերք ու բարիք ենք ստացել, իսկ խոտածածկ տարածքի հաշվին անասուն ենք պահել», - ասաց Աննա Պետրոսյանը։

Աննա Պետրոսյանի ընտանիքը ժամանակին համաձայնել է թույլատրել իրենց պատկանող հողամասի տարածքով ՓՀԷԿ-ի խողովակաշար անցկացնել, ընկերությունը դրա համար վճարել է։ Սակայն պայթյունից հասցված վնասների համար, ըստ նրա, չի փոխհատուցել։ «Ընկերության հետ նախնական պայմանագիր կնքեցինք, պայմանավորվեցինք, որ կփոխհատուցեն 2 միլիոն դրամ։ Կարեն Կարապետյանին, Նիկոլ Փաշինյանին նամակներ եմ ուղարկել․․․տարիներ են անցել, այդքան տարի անմշակ է մնացել մեր հողը, ավելացել է վնասը։ Որ կառավարությունը փոխվեց, էլի մեզ սկսեցին հույսեր տալ, վախեցան երևի, որ չբողոքենք, բայց որ տեսան՝ էլի բան չի փոխվում, սկսեցին մեր հետ ավելի վատ խոսել։ Զանգել եմ իրենց, ասացին՝ գնա, տուր դատարան, - ասաց Աննա Պետրոսյանը և նշեց, - մոտեցել եմ համայնքապետին, խնդրել՝ ուրիշ տնամերձ տրամադրել, պատասխանել է, որ չկա։ Գյուղի ապրող մարդիկ ենք, չունենք հող, ստիպված ուզում ենք՝ հեռանանք, որովհետև ոչ մի աջակցություն չունենք կառավարությունից»։

 

«Պատն ավիրել են, հողամասը՝ քանդել, գնահատել են 30 հազար դրամ, ծիծաղելի չէ՞», - ասաց մեկ այլ բնակիչ։

«Առանց որևէ մեկի կարծիքը հարցնելու մտել են, մեր հողամասերն ավիրել են։ Իմ հողն ուներ 67 մետր երկարություն ճանապարհի երկարությամբ, ցանկապատով էր փակված, հիմա ցանկապատ գոյություն չունի, բուլդոզերը որ աշխատացրել են, իմ հողամասն իր բնական նիշից ցածր է իջել, և այդ սևահողը հետ են տվել կանալի մեջ, ավիրել են։ Վնասը գնահատել ենք 1 միլիոն դրամ, առաջարկել են 30 հազար դրամ։ Մի քանի անգամ նամակ եմ գրել կառավարություն, ոչ մի արդյունք», - բողոքեց տեղի բնակիչը։

«Ես ինժեներ եմ, ասել եմ, որ սա վտանգավոր, սխալ կառույց է։ Խնդրում ենք կառավարությանը ստուգել ՓՀԷԿ-ի կառուցման օրինականությունը, տեխնիկական պայմաններին չի բավարարում, բարձր ճնշման խողովակագիծն ի՞նչ իրավունք ունեն՝ ճանապարհի եզրով տանեն, հետո հողամասերի միջով, դա վտանգավոր է, մենք 100 անգամ վիճել ենք իրենց հետ։ Բարձր ճնշման խողովակագիծը երթևեկելի մասից պետք է հեռու լինի 100 մետրից ավելի, հետո առանձին կանալ են փորում, բետոնապատում, այդ խողովակը տեղադրում մեջը, հենարաններ են տեղադրում շարժական, հետո պանելներով ծածկում, որ հանկարծ պայթի, լցվի կանալով գետը, շրջապատին վնաս չտա», - ասաց տեղի բնակիչը։

Տեղացիների խոսքով՝ փոքր ՀԷԿ-ի շահագործումը խաթարել է ոռոգման գործընթացը։  

«Մինչև ՀԷԿ-ը կառուցելը Մադինայից հետո ոռոգելի ցանցով էինք ոռոգում, հիմա որ վերևից վերցրել են ջուրը, պակասել է, այդ ամբողջ տարածքը մնացել է անմշակ, ոչ ոք չի կարող ոռոգել․․․գետի հունով պետք է ջուր թողնեն, բայց իրենք լրիվ փակում են, մոտ 20կմ լրիվ ցամաքում է, կենսաբազմազանությունը ոչնչանում է․․․համ ջուրը կտրեցին, համ ձուկը, մարդիկ դրա համար էին այստեղ եկել ապրելու․․․Ես այդ պայքարի մեջ երկու տարի ամեն օր գնացել եկել եմ, այդ ժամանակ վարչապետին էլ ենք դիմել, նախագահին էլ, ոչ մի բան․․․այդ ՓՀԷԿ-ից վնասից բացի մեզ ոչ մի օգուտ չկա, պայթյուններից բազմաթիվ մարդիկ տուժել են։ Այդ հողամասերը չեմ մշակվում», - բողոքեցին բնակիչները։

Բնակիչներն անգամ դիմել են դատարան՝ փոխհատուցում ստանալու պահանջով։

Մարտունի համայնքի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանը հայտնեց, որ «Արգիճի» ՓՀԷԿ-ի շահագործողը համայնքում սոցիալական ծրագրեր, համայնքային բյուջե փոխանցումներ չի կատարում։ «Պայմանավորվածություն ոչ նախկինում է  եղել, ոչ խոշորացումից հետո։ Եթե օգտվում են մեր տարածաշրջանից, թող օգտակար լինեն նաև համայնքում ունեցած խնդիրների լուծմանը», - ասաց Վահագն Դավթյանը։

«Այն ՀԷԿ-երը, որոնք կառուցված են մեր շրջանում, օգտագործում են մեր տարածքի բնական ռեսուրսները, ստանում են գերշահույթ, պետք է կրեն սոցիալական կորպորատիվ պատասխանատվություն», - նշեց «Մարտունու կանանց խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը։ 

Հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Նոյեմբեր 30, 2024 at 00:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր